Հասարակական

Համաշխարհային բանկի աշխատանքային խումբը ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում իրականացվող ծրագրերի ընթացքին

5 րոպեի ընթերցում

 Համաշխարհային բանկի աշխատանքային խումբը ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում իրականացվող ծրագրերի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն իրականացնում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գծի ու «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի ընթացքին ծանոթանալու համար Համաշխարհային Բանկի աշխատանքային խումբը, տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորությամբ, այցելել է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գծի ու «Հաղթանակ» ենթակայանի տեղանքներ և ծանոթացել այնտեղ ընթացող վերակառուցման աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից, «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման օդային գիծը շահագործման կհանձնվի աշնանը: Աշխատանքներն իրականացնում է Kalpataru Power Transmission LTD (Հնդկաստան) ընկերությունը: ՀԲ ֆինանսավորմամբ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում վերակառուցվում է 1950-ական թվականներին շահագործման հանձնված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գիծը: Էներգահամակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող էլեկտրահաղորդման գիծն անցնում է ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերով' միացնելով հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝ կենտրոնական և հարավային մասերը: Վերակառուցման արդյունքում «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի:

Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով, «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում վերակառուցվում է նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Հաղթանակ» ենթակայանը: Աշխատանքներն իրականացնում է ռուսական Kaskad Energo LLC ընկերությունը:

Համաշխարհային Բանկի աշխատանքային խումբը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հմայակի Հարությունյանի գլխավորությամբ, այցելել է նշված ենթակայան ու ծանոթացել վերակառուցման աշխատանքների ընթացքին:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը նրանց տեղեկացրել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Արդեն իսկ կատարված են մեծ ծավալի հողային աշխատանքներ, ավարտվել են նախագծային աշխատանքները. շուտով կսկսվի սարքավորումների ներկրման գործընթացը: 1988 թվականին շահագործման հանձնված 220/10 կՎ «Հաղթանակ» բաշխիչ ենթակայանը վերակառուցման արդյունքում կդառնա հանգուցային 220/110/10 կՎ ենթակայան: Կտեղադրվեն նոր ավտոտրանսֆորմատորներ, կկառուցվի նոր 110 կՎ ԲԲՍ (բաց բաշխիչ սարքվածք), կփոխարինվեն 220 և 10 կՎ սարքավորումները, կարդիականացվեն ռելեական պաշտպանության սարքավորումները: Ծրագրի շրջանակներում կվերակառուցվեն նաև ղեկավարման 10 կՎ ՓԲՍ-ի շենքերը: Ֆիզիկապես ու բարոյապես մաշված սարքավորումների փոխարինման արդյունքում նվազագույնի կհասնեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա էներգահամակարգի անվտանգությունն ու արդյունավետությունը, սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը: «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցումը կարևոր է Երևանի կենտրոնական և հարավ-արևմտյան մասերի բաշխիչ ենթակայանների և սպառիչների հուսալի էներգամատակարարումն ապահովելու համար: «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցումը նախատեսվում է ավարտել 2018 թվականի տարեվերջին:

ՀԲ տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը շրջայցից հետո գոհունակությամբ նշել է, որ կատարված աշխատանքները բավական տպավորիչ են և հույս է հայտնել, որ հաջորդ այցին ևս ականատես կլինեն նույնպիսի արդյունքների: Նրա խոսքով Համաշխարհային Բանկի գլխավոր առաքելությունը աղքատության կրճատումն ու մարդկանց կյանքի որակի բարելավումն է, իսկ այդ գործում էական դեր ունի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումն ու սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը :

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում