Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիկ գյուղում ծանոթացավ «Սարերի բարիք» ձեռնարկության աշխատանքներին

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիկ գյուղում ծանոթացավ «Սարերի բարիք» ձեռնարկության աշխատանքներին
ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Վարդենիկ գյուղ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ «Սարերի բարիք» նորաստեղծ ձեռնարկության աշխատանքներին: Ձեռնարկությունը հիմնականում զբաղվում է վայրի բանջարաբույսերի հավաքմամբ, վերամշակմամբ եւ իրացմամբ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ձեռնարկության համահիմնադիր Արտուշ Խաչատրյանը մարզպետ Կարեն Բոթոյանին ներկայացրեց ձեռնարկության գործունեության պատմությունը՝ նշելով, որ Եվրոպական Միության կողմից իրականացվող «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրն արդեն իսկ համայնքում խթանել է զբաղվածությունը՝ աշխատանքներում ներգրավելով նաեւ շրջակա համայնքների բնակիչներին։ «Տարբեր համայնքներից տասնյակ քաղաքացիներ հավաքում եւ համապատասխան գումարի դիմաց մեզ են հանձնում տարածաշրջանում աճող վայրի բանջարեղեն եւ ուտելի խոտաբույսեր՝ շուշան, ուրց, ավելուկ։ Մեր համայնքում այս գործով զբաղվում են մինչեւ 60 ընտանիք: Ստեղծել ենք նաեւ սառնարանային տնտեսություն, ուր պահպանում ենք հավաքած բերքը՝ ժամանակին իրացնելու նպատակով: Նաեւ իրացման շուկաներ ենք որոնում՝ պատվերներ ընդունելով մարզի եւ մայրաքաղաքի խանութներից, առեւտրային խոշոր կետերից: Մտածում ենք արտահանման ծավալներ եւ հնարավորություններ ապահովելու մասին, քանի որ օտար երկրներ բնակության տեղափոխված մեր հայրենակիցները շատ-շատ են կարոտում իրենց ծննդավայրում աճող վայրի բանջարեղենը, թեյատու բույսերը: Մեր նպատակները շատ են, ծրագրերը՝ բազմազան: Առաջին քայլերը հուսադրող են, որոնք մեզ ընդարձակվելու հնարավորություն են տալիս»,-պատմեց ձեռնարկատերը:

Մարզպետ Կարեն Բոթոյանը հետաքրքրվեց սույն ծրագրի ընդլայնման հնարավորություններով եւ պատրաստակամություն հայտնեց՝ հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել ձեռնարկության հետագա ծավալմանը եւ զարգացմանը: «Օրեր առաջ մենք մարզպետարանում հասարակական կազմակերպությունների հետ հրավիրված հանդիպման ընթացքում տեղեկացանք, որ Վարդենիկ համայնքում նման ձեռնարկություն է բացվել եւ անմիջապես որոշեցինք տեղում ծանոթանալ ընդհանուր վիճակին: Ոչ միայն կփորձենք հնարավորինս աջակցել ձեռնարկության ընդլայնմանն ու զարգացմանը, այլ նաեւ այն օրինակելի դարձնել նաեւ մարզի մյուս տարածքների համայնքների համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետը:

Աշխատանքային այցի ավարտին Կարեն Բոթոյանը խորհրդակցություն անցկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանի եւ գյուղապետարանի աշխատակազմի եւ ավագանու անդամների հետ՝ քննարկելով համայնքի սոցիալ-տնտեսական եւ կրթամշակութային ուղղվածության մի շարք հարցեր։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]