Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կառավարությունում քննարկվել են ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ուղղված քայլերը

Կառավարությունում քննարկվել են ֆիզիկական կուլտուրա առարկայի 
մասսայականության բարձրացմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ու մարզադպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադարձ է կատարվել ֆիզիկական կուլտուրայի կրթական ծրագրերը վերանայելու ընթացքին, որոնք հաստատվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության ու Կրթության և գիտության նախարարների կողմից: Վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտել աշխատանքները և ներկայացնել միջոցառումների հստակ ծրագիր: 
Այնուհետև ներկայացվել են ուսումնական հաստատություններում և մարզադպրոցներում մարզադահլիճների և մարզական գույքի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվող քայլերը: Կարեն Կարապետյանը կարևորել է համապատասխան աշխատանքների իրականացումը և նշել, որ պետք է գնահատել ծախսերն ու ըստ այդմ իրականացնել մարզադահլիճների արդիականացման ծրագրեր: «Առողջ ապրելակերպը և սպորտը չափազանց կարևոր է և մենք մեր քաղաքային ու գյուղական համայնքներում պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, իրականացնենք համապատասխան քաղաքականություն»,- ասել է վարչապետը: 

Նշվել է, որ ուսումնական հաստատությունների սպորտային դահլիճների և մարզադպրոցների բարեկարգման ու կառավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման նպատակով դիտարկվում է նաև պետություն-մասնավոր համագործակցության զարգացումը: 
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման և դրան աշակերտների ու ուսանողների մասնակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները, առաջարկությունները: Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է լրջորեն ուսումնասիրել դրանք և իրականացնել առկա խնդիրների լուծման հստակ միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am