Հիանալի է, երբ չքնաղությունը զուգորդվում է բարձր ինտելեկտով. Ուրիխանյանը` Արփինե Հովհաննիսյանի մասին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղելուց առաջ հաճոյախոսություններ շռայլեց նախարարին: «Երկրագնդի ամենաչքնաղ նախարար օրիորդ Հովհաննիսյան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմելով նախարարին ասաց Ուրիխանյանը, ինչն առաջացրեց դահլիճում ներկաների ծիծաղը: Ուրիխանյանի հաճոյախոսությանն արձագանքելով, Արփինե Հովհաննիսյանը կատակեց. «Վատ հարց եք տալու, նախաբանը լա՞վ եք սկսում»:
Այնուհետև Տիգրան Ուրիխանյանը ձևակերպեց իր հարցը: Նա նշեց, որ մասնակցել է մի քննարկման, որի թեման եղել է չհիմնավորված հարստացումը: Պատգամավորն ընդգծեց, որ ապօրինի հարստացում եզրույթը սխալ է, քանի որ եթե ապօրինի է հարստացել, ապա այսպես թե այնպես, դա ենթադրում է քրեական պատասխանատվություն: «Եթե ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային միանալու խնդիր ենք լուծում սրանով, ապա ասեք այդպես էլ իմանանք, ընդունենք, գնանք առաջ, բայց եթե մենք սրանով ցանկանում ենք խնդիր լուծել, ապա պետք է հետաքննության առարկա դարձնենք չհիմնավորված հարստացումը, որովհետև եթե ասում ենք ապօրինի, ապա դա արդեն քրեական պատասխանատվություն է ենթադրում, որովհետև մարդը հարստացել է ապօրինի ճանապարհով»,- ասաց Ուրիխանյանը:
Արփինե Հովհաննիսյանը պատգամավորի հարցադրմանը պատասխանեց, որ «չհիմնավորված հարստացում» եզրույթ որևէ տեղ չի օգտագործվում: «Բոլոր երկրներում օգտագործվում է հենց «ապօրինի հարստացում» եզրույթը: Եթե դուք ուշադիր նայեք հանցակազմի ձևակերպմանը, կտեսնեք, որ այս նախաձեռնությունը հենց նրա մասին է, ինչից դուք խոսում եք: Կոնվենցիային միանալու խնդիր չկա, մենք վաղուց միացել ենք այդ կոնվենցիային և վավերացրել ենք այն: Այն, ինչ դուք նկատի ունեք, ինչի մասին խոսում եք, մենք այս նախաձեռնությամբ ենք կարգավորում»,- պատասխանեց Հովհաննիսյանը:
Այնուհետև նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին. «Նորմա՞լ է, պարոն Ուրիխանյան, թե՞ ցանկանում եք չքնաղ նախարարին ևս մեկ հարց տալ»:
«Հիանալի է, երբ չքնաղությունը զուգորդվում է բարձր ինտելեկտով»,- արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը և հավելեց, որ իր ասածն այն էր, որ իրավապահ մարմիններն ավելի ակտիվ, «դրայվով» աշխատեն և բռնեն ապօրինի հարստացողներին: