Քրեակատարողական հիմնարկներում աշխատանքներ են տարվում սննդի բարելավման ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների մեծ քանակը խնդիրներ է առաջացնում արգելված իրերի և առարկաների ներթափանցման հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Բարեփոխումների արդյունքում լուծվել է սննդի անհիմն թափելու հիմնախնդիրը: Մասնավորապես, եթե անձը քրեակատարողական հիմնարկում չի ցանկանում պատրաստի սննդից օգտվել, այդ սնունդը ուղակի չի պատրաստվում»,- ասաց Քրմոյանը:
Ինչ վերաբերվում է հանձնուքների քանակին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հայտնեց, որ այս ուղղությամբ նույնպես կատարվում են աշխատանքներ:
«Սննդի քանական և որակական բարելավման ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Մեր նպատակն է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը բավարարված լինի սննդով և այդ սնունդը օգտագործի, ինչի արդյունքում հանձնուքների քանակը նվազագույնի կհասցվի: Իսկ հանձնուքների քանակի նվազագույնի հասցնելով՝ մենք նվազագույնի կհասցնենք արգելված իրերի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ»,- շեշտեց Քրմոյանը: