Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ Նախագահն ընդունել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին

ՀՀ Նախագահն ընդունել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների 
պատվիրակությունների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Ծաղկաձորում այսօր անցկացված կոլեգիայի նիստը: Ընդգծելով, որ մաքսային ծառայություններն այն կարևոր կառույցներն են, որոնց հետ ամեն օր շփվում են Մաքսային միության անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտները, Սերժ Սարգսյանը նշել է, որ նրանց աշխատանքի և համագործակցության որակից է նաև ձևավորվում ԵԱՏՄ-ի վերաբերյալ տպավորությունը, այդ կառույցների գործունեությունից է զգալիորեն կախված ցանկացած երկրի գործարար միջավայրի բարելավումը, միասնական տնտեսական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շուկայի ձևավորումն ու զարգացումը:

ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ ծաղկաձորյան նիստում քննարկված արդիական հարցերն ու կայացված որոշումները կնպաստեն վերոնշյալ խնդիրների լուծումն առաջ մղելուն և այն նպատակների իրագործմանը, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում իրենց առջև դրել են Միության անդամ պետությունները:

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են միավորված կոլեգիայի 21-րդ նիստի արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ գործընկերներին՝ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նրանք ընդգծել են, որ ցանկացած միություն առաջին հերթին հիմնված է փոխադարձ վստահության վրա, և Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի աշխատանքը նպատակաուղղված է այդ վստահությունն ամենօրյա սերտ փոխգործակցությամբ ամրապնդելուն: Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են նաև ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման նպատակով Մաքսային նոր օրենսգրքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, մաքսային ծառայությունների ներկայիս խնդիրներն ու մարտահրավերները, զարգացման հեռանկարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am