Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սեյրան Օհանյանը նշում է ծննդյան 54-րդ տարեդարձը

Սեյրան Օհանյանը նշում է ծննդյան 54-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 1-ին նշում է ծննդյան 54-ամյա տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք նախարարին, մաղթելով առողջություն և իր երազանքների իրականացում, որոնք գերազանցապես կապված են Հայոց պետականության ու բանակի հզորացման հետ: Այսօր նաև մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Մեր բոլոր նորակոչիկներին մաղթենք խաղաղ ծառայություն և հպարտ վերադարձ: Շնորհավոր, հարգելի նախարար և սիրելի զինվոր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: 1979 թվականին ավարտել է Հայկական ՍՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը և ընդունվել Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: Ուսումնարանում ուսումնառությունն ավարտելուց հետո, 1983 թվականին ուղարկվել է հետագա ծառայությունը շարունակելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցրել է`
- մոտոհրաձգային դասակի հրամանատարի,
- մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոններ:
Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տրամադրության տակ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոններին: 1992 թվականի ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում: 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետ: 1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: 1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար: 2000 թվականի հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատար: 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2008թ. ապրիլի 14-ին ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:

2012 թվականին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» Մասնագիտական խորհրդի հատուկ նիստի որոշմամբ բանակաշինության արդի խնդիրներին նվիրված ատենախոսության համար Ս.Մ.Օհանյանին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am