Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բան Կի-Մունը Հայաստանն օրինակելի է համարում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում

Բան Կի-Մունը Հայաստանն օրինակելի է համարում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը 
վերացրած երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասնակցությամբ Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպումը:

«Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած 15 տարվա ընթացքում երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի դեպքերը նվազել են 56%-ով. 4 երկիր՝ Կուբան, Թայլանդը, Հայաստանը և Բելառուսն ամբողջությամբ վերացրել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը: Ես հուսով եմ, որ, հետևելով այս երկրների օրինակին, շուտով մենք ամբողջ աշխարհում կհասնենք երեխաների շրջանում «զրո» նոր դեպքերի նպատակին»,-իր ելույթում նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլխավոր տնօրեն Միշել Սիդիբեն շնորհակալություն  հայտնեց հանդիպման մասնակիցներին, որոնց շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելու և ՄԻԱՎ-ից զերծ սերունդ ունենալու հեռահար նպատակը դարձել է իրողություն:  Ըստ Մ.Սիդիբեի այս ոլորտում հաջողություններ արձանագրած Հայաստանի, Բելառուսի և Թայլանդի փորձը լավագույնն է, որին պետք է հետևեն այլ երկրներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր ելույթում նշել է, որ պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` միանալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրին և դրան հաջորդած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ քաղաքական հռչակագրերին` հիմնովին փոխել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կոնցեպտուալ մոտեցումները:

«Երկիրն ուժեղացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իր քաղաքական պարտավորությունները՝ ընդունելով պետական ոլորտի և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունը հանրապետության բնակչության ապագայի և բարեկեցության նկատմամբ: Ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ, որն ապահովում է հիվանդությունների վաղաժամ ախտորոշում, բոլոր կարիք ունեցողներին որակյալ բուժօգնության, առավել արդյունավետ բուժման և բժշկական այլ ծառայությունների տրամադրում: Պետք է ընդգծեմ, որ հաջողություններին հասնելու գործում զգալի դերակատարություն ունեն դոնորները և միջազգային կազմակերպությունները»,- շեշտել է Արմեն Մուրադյանը:

Իր ելույթում նա բարձր ամբիոնից ևս մեկ անգամ անդրադարձել է Արցախի թեմային:

«Այսօր մեջբերելով Նելսոն Մանդելային` հնչեց հարցադրում. ինչն է ավելի վատ` պատերա՞զմը, թե՞ ՁԻԱՀ-ը: Իսկապես որտե՞ղ է արդարությունը, երբ անմեղ երեխան ծնվում է իմունային անբավարարությամբ, որտե՞ղ է արդարությունը, երբ ռմբակոծում են երեխաներին, որոնք ցանկանում են ապրել և սովորել իրենց հայրենիքում, սովորել իրենց լեզուն, հավատալ իրենց Աստծոն, հարգել իրենց ծնողների և նախնիների ավանդույթները: Որտե՞ղ է արդարությունը, երբ սպանում են 90 տարեկան ծերունիների, ովքեն ցանկացել են իրենց ծերությունն ապրել հայրենիքում, իրենց տանը: Ես խոսում եմ երկու ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ո՞րն է ավելի վատ` ՁԻԱ՞Հ-ը, թե՞ անմարդկայնության, ատելության վարակը, որը հաղթում է անգամ ամենաբարձր պաշտոնին գտնվողին, մթագնում նրա բանականությունը, քաղաքակիրթ մարդուն վերափոխում բարբարոսի, ով դաժան հրահանգներ է տալիս սպանել երեխաների և ծերերի: Դժվար է պատասխանել հռետորական այս հարցին»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարը:

Նա նշել է, որ հետագա սերունդները կարող են չիմանալ, թե ինչ է պատերազմը և ինչ է ՁԻԱՀ-ը, այն դեպքում եթե բոլորս միանշանակ կարողանանք  տալ այս հարցի պատասխանը:

«Վստահ եմ, որ հետագա սերունդները պետք է համեմատեն, ոչ թե ինչն է վատ, այլ ինչն է լավ. խաղաղությունը և բարգավաճումը»,- եզրափակել է Արմեն Մուրադյանը:

ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանն ուղղված քաղաքական նոր հռչակագիր, որը  հաստատում է համաշխարհային հանրության հանձնառությունը հիվանդության կանխարգելման, բուժման, խնամքի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ` ընդգծելով համընդհանուր պատասխանատվություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am