Հասարակական

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում շարունակվում են Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստերը: Դատական այս նիստը հետաձգվել էր մեկ շաբաթով. դատարանը մայիսի 13-ին կայացած նիստի ընթացքում բավարարեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստը 1 շաբաթով հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստվում է միջնորդություն, որը բավական երկար ժամանակ է պահանջում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Լուսինե Սահակյանից, չնայած գործի հանգամանքներից ելնելով միջնորդության մասին դեռ վաղ է խոսել, սակայն փաստաբանը նշեց, որ խոսքը վերաբերում է քաղհայցով դատարանին դիմելու միջնորդությանը:

Նախորդ նիստի ընթացքում դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը Ավետիսյանների 5 հարևաններին դատակոչելու վերաբերյալ: Դատարանն այս միջնորդությունը մերժեց, փոխարենը բավարարեց փաստաբան Միհրան Պողոսյանի՝ 102-րդ ռազմաբազայի ծառայող Աշոտ Կարապետյանին դատակոչելու միջնորդությունը: Ըստ փաստաբանի՝ Աշոտ Կարապետյանը եղել է այն անձը, ով ոչ միայն մասնակցել է Պերմյակովի հետախուզման գործընթացին, այլ նաև առաջիններից է դեպքից հետո տեսել Պերմյակովին: Դատարանը« կարևոր համարելով վկայի ցուցմունքը, բավարերեց այն: Նիստին միջնորդությամբ հանդես եկավ նաև պաշտպանական կողմը՝ պաշտպան Էդուրադ Աղաջանյանը դիմեց դատարանին գործով որոշ իրեղեն ապացույցներ գործից դուրս բերելու միջնորդությամբ: Դատավոր Հարություն Մովսիսյանն առաջարկեց այդ միջնորդությունը քննարկել խորհրդակցական սենյակում:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան« ժամը 06:00-ի սահմաններում« նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը« ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն« այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը) Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում