Քաղաքականություն

Ադրբեջանում ապշած են` ինչպես են հայերը մեկ օրում 100-ից ավելի հատուկ ջոկատայինների ոչնչացրել

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ապշած են` ինչպես են հայերը մեկ օրում 100-ից ավելի հատուկ ջոկատայինների ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ապշած են ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրը 100-ից ավելի զինծառայողների կորստի մասին համացանցում հայտնված տվյալներով, ինչը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ շարունակում է թաքցնել ադրբեջանական հանրությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում հայտնվել է ադրբեջանցի լրագրող Էմին Ահմեդբեյովի հարցրույցը Ադրբեջանի ճանաչված կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիեւի հետ, որում նրանք զարմանք են հայտնում առ այն, որ ԼՂՀ-ի ՊՆ շարքային զինվորներին հաջողվել է ագրեսիայի առաջին իսկ օրը ոչնչացնել հանրապետության տարածք ներխուժելու փորձ կատարած ադրբեջանական բանակի այդչափ հատուկ ջոկատայինների: Ուշագրավ է, որ զրուցակիցները նաեւ նշում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել ԼՂՀ-ի վրա:

Ադրբեջանական ռադիոյի եթերում Էմին Ահմեդբեյովի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի 100 բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ հատուկ ջոկատայիններ ոչնչացվել եւ 500-ից ավելի զինծառայողներ են վիրավորվել ռազմական գործողությունների առաջին օրերին, Ջավանշիր Գուլիեւը տարակուսանք է հայտնում, թե «իսկ ինչո՞ւ սկսեցին եւ ինչո՞ւ կանգ առան»:

«Այդ հարցն ամբողջ ժամանակ իմ գլխում է, հետո` ռազմական գործողությունների 1,5 օրվա ընթացքում մոտ 100 ջոկատայիններ, ընդ որում, նրանք շարքային զինծառայողներ չէին, այլ հատուկ նշանակության զորքերի պատրաստված տղաներ: Համացանցում արդեն հայտնվում են նրանց լուսանկարները: Նրանք բոլորն էլ ամրակազմ, հասուն տղաներ են: Եվ նրանցից 100-ը սպանվել են: Այդ օրերին այնտեղ այդ ի՞նչ պատերազմ է տեղի ունեցել, որ մենք կորցրեցինք այդ 100 լավ պատրաստված զինվորներին», -հարցնում է Գուլիեւը, եւ ինքն էլ պատասխանում. «Դրանք մեր բանակի ընտրյալ զինվորականներն էին»:

«Մտածում եմ` ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք այդ պատերազմում», -ասում է նա:

Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնում է, որ իր «զգուշավոր գնահատականներով»` ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստը նվազագույնը 400 զինծառայող է:

ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում