Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին և վերադարձնի բանակցությունների. Էդվարդ Նալբանդյան

 Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին և 
վերադարձնի 
բանակցությունների. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մշտապես կողմ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, և սին են   ադրբեջանական կողմի փորձերը ներկայացնել, թե Հայաստանը հրաժարվում է բանակցություններից: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին: «Հայաստանը միշտ կողմ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցություններին: Հայաստանը երբեք չի հրաժարվել տարբեր մակարդակների հանդիպումներից: Եթե եղել են հանդիպումներ, որոնք չեն կայացել, դա եղել է միայն ադրբեջանական կողմի մեղքով: Վերջին նման դեպքը եղել է Վաշինգտոնում, որտեղ ադրբեջանցիները հրաժարվեցին հանդիպել նույնիսկ համանախագահների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:

Նա նշեց, որ բանակցային գործընթացի հեռանկարները կախված են նրանից, թե որքանով կբացառվեն այն հետևանքները,  որոնք ստեղծվել են Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի  սանձազերծած ռազմական լայնամասշտաբ գործողությունների արդյունքում: «Միջազգային հանրության, եռանախագահող երկրների և Հայաստանի  ջանքերն ուղղված  են այդ հետևանքների բացառմանը, որպեսզի բացառվի կրկնությունը, ինչ տեղի ունեցավ ապրիլին: Դրա մասին էր ասում նաև Սերգեյ  Լավրովը իր այցի ընթացքում:  Միայն ասեկոսներ էին, թե նա ինչ-որ փաստաթուղթ է բերել, թե  ինչ-որ բանակցություններ են վարվում:  Եթե համապատասխան պայմաններ ստեղծված չեն, բանակցային գործընթացի մասին խոսել չի կարելի»,- մանրամասնեց նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ Ադրբեջանը 1994թ. կնքված եռակողմ զինադադարի ուժի մեջ լինելն է փորձել կասկածի տակ դնել: «Նման փորձեր են կատարվել դիվանագիտական կուլիսներում՝ Վիեննայում, Նյու Յորքում: Եվ եռանախագահների կողմից եղավ համապատասխան արձագանք: Նրանք ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ եռակողմ անժամկետ զինադադարի հաստատման և ամրապնդման համաձայնագրերը, որոնք կնքվել են 1994-1995 թթ. ուժի մեջ են և պետք է անխտիր իրականացվեն: Սա միջազգային հանրության, եռանախագահների կարծիքն է: Ադրբեջանն իր քայլով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հակադրվում է միջազգային հանրությանը: Նրանց դիվանագիտության կողմից սխալ հաշվարկներ էին»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը ձևացնում է, որ տեղյակ չեն, թե ինչպես եղավ, որ Արցախի դեմ ապրիլի 2-ին լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել, տեղյակ չեն, թե ինչքան զոհ են տվել դրա արդյունքում, տեղյակ չեն, թե ինչ է նշանակում այն առաջարկը, որը վերաբերում է հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, տեղյակ չեն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռանախագահների 5 հայտարարություններից:

«Ես կարծում եմ, որ այդ անտեղյակների  համար կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին և վերադարձնի բանակցությունների սեղան: Այն ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: Իսկ այսօր մեր հանդիպումները ուղղված են նրան, որպեսզի հաղթահարվեն այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում»,- եզրափակեց Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am