Երևանյան բեսթսելեր 4/7. «Ճանճերի տերը» ստեղծագործությունը վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:
Երրորդ տեղում է Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Ջորջ Օրուելի «1984» վեպը հինգերորդն է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
«Այսպես խոսեց Զրադաշտը» գործը գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեի կենտրոնական երկերից է, որում բանաստեղծական շնչով ի մի են բերված նրա հիմնական հայացքները: Հայերեն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակվել է 2002թ.:
Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» յոթերորդն է: «Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արձակագրի լավագույն ստեղծագործությունը: Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում:
Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» ութերորդն է: Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա:Քույրը չի հիշի: Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով,մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձերով լի:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, իններորդ հորիզոնականում է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր սյուժեով այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 18 | |
2 | +7 |
Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» |
Զանգակ | 17 | |
3 | -1 |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 17 | |
4 | +4 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 12 | |
5 | * |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 11 | |
6 | +4 |
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե «Այսպես խոսեց Զրադաշտը» |
Անտարես | 8 | |
7 | Նոր |
Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի տերը» |
Անտարես | 8 | |
8 | Նոր |
Խալեդ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները» |
Զանգակ | 7 | |
9 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 7 | |
10 | -3 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ/Բուկինիստ | 7 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում