Հասարակական

«Xocali.net» նախագիծը բացահայտում է Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կեղծարարությունը

4 րոպեի ընթերցում

 «Xocali.net» նախագիծը բացահայտում է Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կեղծարարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամեն տարի փետրվարին Ադրբեջանն ի լուր աշխարհի տարփողում է Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թ. փետրվարի 25-26-ին իբրև թե հայերի ձեռքով այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» կազմակերպման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղակատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ երկար տարիներ ադրբեջանական քարոզչամեքենան հնարավորություն է ունեցել միայնակ՝ առանց հայկական կողմից հակազդման, տարածել Խոջալուի վերաբերյալ իր ակնհայտ կեղծ թեզերը: Ադրբեջանցիներն այդ առումով որոշակի հանգստությամբ ահռելի չափերի հասնող կեղծիք են սփռել մամուլում ու համացանցում՝ չսպասելով որևէ մերկացնող պատասխանի:

Սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, և հայկական կողմը հանդես է գալիս տարբեր տեղեկատվական նախաձեռնություններով, որոնք թույլ են տալիս ցրել ադրբեջանական հակահայկական քարոզչության միֆերը: Դրա վառ վկայությունն են նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից 2011-ին հիմնված «Xocali.net» և «Azerichild.info» նախագծերը, որոնց շնորհանդեսը կայացավ փետրվարի 25-ին Երևանում:

«Xocali.net» կայքում հավաքված են Խոջալուի (իրականում` Աղդամի) դեպքերի, ավելի ճիշտ` Խոջալուի սադրանքի մասին վկայություններ, որոնք արձանագրված են դեռ 1992 թ. փետրվարից: Հավաքված են նաև հարցազրույցներ, տարբեր փաստաթղթեր, այդ ժամանկվա մամուլի հրապարակումներ: Նշված է, թե ինչպես են 25 տարի անց Խոջալուի սադրանքի վերաբերյալ վկայությունները փոխվել Ադրբեջանում, և թե ինչպես են այսօր ներկայացվում: Անդրադարձ կա նաև պատմական ժամանակագրությանը:

Սամվել Մարտիրոսյանը Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարության ու փաստերի խեղաթյուրման և ուռճացման բազմաթիվ օրինակներ բերեց՝ նշելով, որ դրանք մերկացնող բոլոր փաստերը ներկայացված են կայքում: «Ադրբեջանցիների կողմից Աղդամի մոտ զոհվածների ցուցակում կան բազմաթիվ կրկնվող անուններ, ընդ որում՝ անունների կրկնությունը ակնհայտ չդարձնելու նպատակով հաճախ ցուցակի անգլերեն տարբերակում լատինատառ անուններում առկա են ավելացված ռուսերեն տառեր, և հակառակը, կամ ցուցակում ներառված են, ասենք 1996 թ. ծնված կամ 1987 թ. մահացած անձանց անուններ»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

«Կայքը կարևոր է հատկապես այն առումով, որ այն հիմնված չի հայկական կողմի աղբյուրների վրա, այլ ներկայացված են հենց ադրբեջանական և երրորդ կողմերի լրագրողների, ականատեսների վկայություններ, հետևաբար դրանք չեն կարող պիտակավորվել որպես հայկական քարոզչական նյութեր»,- ընդգծեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանն անդրադարձավ նաև Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ Բաքվի հակահայկական կեղծիքների փաստերին: «Ադրբեջանցիների Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներ են համարում «հայ դաշնակներին, ինչպես անվանում են նրանք բոլոր հայերին, և բերում են Էդիկ Գրիգորյանի օրինակը, որը մասնակցել է ջարդերին: Նա իսկապես հայ է, սակայն մանուկ հասակում զրկվել է ընտանիքից ու մեծացել հակահայկական ոգով. Սումգայիթի ջարդերին նա մասնակցել է որպես սովորական մի հանցագործ, սակայն ադրբեջանցիները, վերցնելով միայն այդ փաստը, նրան են վերագրում ջարդերի կազմակերպումը»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում