Հասարակական

Հավատարմությամբ ծառայելու երդում տվեցին նորակոչիկները Շիրազի հուշատուն-թանգարանի բակում

3 րոպեի ընթերցում

Հավատարմությամբ ծառայելու երդում տվեցին նորակոչիկները Շիրազի հուշատուն-թանգարանի բակում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության Շիրակի կայազորի հակատանկային-հրետանային զորամասում ծառայելու զորակոչված նորակոչիկները փետրվարի 13-ին Գյումրու Շիրազի հուշատուն-թանգարանի բակում, զինակից ընկերների առջև, ծնողների ու հարազատերի ներկայությամբ, մարտական դրոշի ներքո հանդիսավորությամբ երդվեցին՝ առ հայրենիք հավատրամությամբ ծառայելու: Նորկաչիկները մեկ առ մեկ երդվեցին՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը, ենթարկվել ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել գաղտնիքը, իսկ երդումը դրժելու դեպքում պատժվել՝ օրենքի ողջ խստությամբ:

Վայրի ընտրությունը պատահական չէր. հրամանատարության որոշմամբ, այսուհետ զինվորները կերդվեն պատմական հուշակոթողների, վանական համալիրների ու եկեղեցիների մոտ: «Սրանով զինվորների մարտական ոգին է բարձրանում, գիտակցում են՝ ինչ վայրում են երդում տալիս և որն է իրենց առաքելությունը: Սա նաև ճանաչողական նպատակ ունի»,-նշեց զորամասի հրամանատարի անձնակազնի հետ տարվող աշխատանքերի գծով տեղակալ փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը: Շիրազյան ոգին ու հայրենիքի նկատմամբ մեծ սերը, ըստ փոխգնդապետի, այս պարագայում ուղեկից կլինեն զինվորներին՝ իրենց ողջ ծառայության ընթացքում:

Շարքային Եղիշե Մովսիսյանի համար ևս օրը տոնական ու հուզիչ էր: «Յուրաքանչյուր երիտասարդ պետք է գիտակցումով մոտենա հայրենիքի պաշտպանությանը և չմտածի բանակային կյանքի դժվարությունների մասին: Այդ դժվարությունները կամա թե ակամա հաղթահարվում են, երբ առջևում հայրենիքիդ պաշտպանությունն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց նորակոչիկը:

Երդման հանդիսավոր արարողությանը ներկա նորակոչիկների ծնողները մաղթելով իրենց որդիներին բարի ու խաղաղ ծառայություն կոչ արեցին լինել գիտակից ու զգոն: Շիրակի կայազորի հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Գրիգորյանի օրհնությամբ զինվորները ստացան «Նոր կտակարան» ու «Զինվորի աղոթագիրք»:

Զինվորական երդման արարողությունից հետո հարազատները հնարավորություն ունեցան որոշ ժամանակ լինել որդիների հետ« որից հետո զինվորները կշարունակեն ապրել զինվորական առօրյայով՝ միշտ հիշելով հանդիսավոր այս օրը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում