Միջազգային

Շատ եվրոպական պետություններ ձև են անում, թե տեղյակ չեն Ադրբեջանում իրավիճակի մասին. El Confidencial

5 րոպեի ընթերցում

Շատ եվրոպական պետություններ ձև են անում, թե տեղյակ չեն Ադրբեջանում իրավիճակի մասին. El Confidencial

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իսպանական հեղինակավոր El Confidencial թերթը հրապարակել է «Խավիարային քաղաքականության վե՞րջը» հոդված, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի ներկայիս տնտեսական և քաղաքական իրավիճակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ Դանիել Իրիարտեի հեղինակած հոդվածի առաջին մասը վերաբերում է նավթի գների անկման հետևանքով նավթից խիստ կախում ունեցող ադրբեջանական տնտեսության կրած վնասներին, ինչպես նաև՝ ադրբեջանական «մանաթ»-ի կտրուկ արժեզրկմանը: Հեղինակը նշում է, որ ադրբեջանական տնտեսության մուտքերի իննսուն տոկոսը կախված է նավթագազային արդյունաբերությունից: Արդյունքում՝ նավթի գնի չբարձրացման պայմաններում, 2016 թվականին կավելանա Ալիևի ռեժիմի անվստահությունն իր ուժերի նկատմամբ, և հնարավոր է, որ առավել անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերվի ցանկացած տեսակի ընդդիմության կամ ներքին քննադատության նկատմամբ:

Ըստ հեղինակի տվյալների, տնտեսական պայմանների վատթարացման հետևանքով, Ադրբեջանը նախատեսում է փակել իր դեսպանությունները և առևտրային գրասենյակները Կոլումբիայում, Ուրուգվայում և Կուբայում, ինչպես նաև պատվո հյուպատոսությունները Ջենովայում, Բրատիսլավայում, Սանտա Ֆեում և Խարկովում: Նաև, անորոշ ժամանակով, հետաձգվել է դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Թայլանդում, Աֆղանստանում, Իրաքում և Օմանում:

Հոդվածագրի համոզմամբ՝ տնտեսական դեֆիցիտը կարող է նաև մեծ ազդեցություն ունենալ «խավիարային դիվանագիտության» վրա, այլ կերպ ասած՝ հանրային հարաբերություններում (PR) նավթադոլարների այն ահռելի ներդրումը, որն իրականացնում է Իլհամ Ալիևի ռեժիմն իր իմիջը «մաքրելու» համար, որն ըստ բազում աղբյուրների, ինչպիսիք են օրինակ՝ Transparency International-ը և Human Rights Watch-ը, համարվում է աշխարհում ամենակոռումպացվածներից և ռեպրեսիվներից մեկը:

Հոդվածի երկրորդ մասի համաձայն, այդուհանդերձ, Ադրբեջանի PR քարոզարշավներն արձանագրել են որոշ հաջողություններ, ինչպիսիք են, ասենք, Եվրատեսիլ 2012-ը, կամ անցած ամառվա եվրոպական խաղերը: Սակայն, որպեսզի խուսափի երկրի վիճակի մասին «անհարմար» գնահատականներից, Ալիևի ռեժիմն արգելել էր Amnesty International-ի ներկայացուցիչների և The Guardian-ի թղթակիցների մուտքն Ադրբեջան: Այս տարի Բաքուն կփորձի կրկնել իր «հաջողությունները»՝ հյուրընկալելով «Ֆորմուլա 1»-ի եվրոպական Gran Prix-ն:

Միայն ԱՄՆ-ում նախորդ մի քանի տարիների ընթացքում, PR նպատակներով, ադրբեջանական կառավարությունը ծախսել է միլիոնավոր դոլլարներ: Այդ ամենը կարգավորում է հիմնականում «Ադրբեջան-Ամերիկա ալիանս»-ը, որը, թեպետ, համարվում է նոմինալ անկախ մարմին, սակայն բոլորի համար պարզ է, որ այն գործնականում գործում է, որպես Ալիևի ռեժիմի լոբբիստ: Նմանատիպ մի կազմակերպություն է Ադրբեջանի եվրոպական միությունը, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Այս երկու կազմակերպությունները ղեկավարվում են, համապատասխանաբար, Անար Մամմադովի և Տալե Հեյդարովի կողմից: Վերջիններս հանդիսանում են տրանսպորտի նախարարի և արտակարգ իրավիճակների նախարարների զավակները: Համաձայն Բաքվում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական խողովակների տվյալների, որոնք հայտնվել են «Վիքիլիքս»-ում, «այս կազմակերպությունները ներկայանում են որպես պրոմոցիայով զբաղվող անկախ խմբեր, սակայն այն կետերը, որոնք նրանք առաջ են մղում, հիմնականում և մեծապես արտացոլում են Ադրբեջանի կառավարության նպատակները և շահերը»:

Ադրբեջանցի պաշտոնյաները հենց իրենք այս քաղաքականությունն անվանում են «խավիարային դիվանագիտության»: Այն իրականացվում է նվերների, «մատուցած ծառայությունների դիմաց վճարումների», ինչպես նաև ձկնկիթների, մետաքսե գորգերի, ոսկե և արծաթե իրերի, խմիչքների, կամ պարզապես՝ փողի նվիրատվության տեսքով:

Վերոնշյալ եզրույթը, ինչքան էլ որ զարմանալի է, կիրառելի է նաև Եվրոպայի Խորհրդի դեպքում, որի որոշ անդամների դիրքորոշումները տարօրինակ կերպով համընկնում են պաշտոնական Բաքվի տեսակետներին, իսկ որոշ դեպքերում էլ, նրանք՝ դառնում են այդ տեսակետների տարածողն ու պաշտպանը:

Հոդվածը եզրափակվում է Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումների և քաղաքական ձերբակալումների հանգամանալից նկարագրով: Հոդվածագիրը ամփոփում է, որ չնայած այս ամենին, շատ եվրոպական պետություններ ձև են անում թե տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, եզրակացնելով, որ դրա միակ պատճառն այն է, որ իրականում այսօր ոչ ոք չի ուզում նոր ճգնաժամ, նոր լարվածություն, կամ նոր Լիբիա, Սիարիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում