Հասարակական

Վերակենդանացման բաժանմունքներում գրիպի դեմ բուժում է ստանում 92 հիվանդ. ԱՆ

2 րոպեի ընթերցում

Վերակենդանացման բաժանմունքներում գրիպի դեմ բուժում է ստանում 92 հիվանդ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով, սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որոնցից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացվել է 144 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։

Հունվարի 13-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954թ. ծնված կին, ով տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։ Կնոջ մոտ հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել, 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։

H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում