Միջազգային

Ճապոնիայում ուժգին երկրաշարժի հետեւանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում ուժգին երկրաշարժի հետեւանքով կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ է տուժել Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած 6,7 մագնիտուդով ուժգին երկրաշարժից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Կիոդո գործակալությանը, տուժածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 12:25-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 07:25-ին): Երկրաշարժի օջախը գտնվում էր 50 կիլոմետր խորության վրա՝ Հոկայդո կղզու հարավային ափից ոչ հեռու: Չնայած այն բանին, որ ցունամիի սպառնալիքը հանվել է, մասնագետները չեն բացառել ափամերձ շրջաններում ջրի մակարդակի հնարավոր փոփոխությունները:

5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Ճապոնիայի 13 պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ ամբողջ Հոկայդո կղզում, Աոմորիի, Ակիտայի, Իբարակիի, Ֆուկուսիմայի, Միյագայի եւ այլ պրեֆեկտուրաներում:

Հոկայդո կղզու Տիտոսե միջազգային օդանավակայանի վարչակազմը որոշում է ընդունել՝ փակել թռիչքավայրէջքային բոլոր գոտիները՝ պարզելու ծածկույթի հնարավոր վնասվելը: Որոշ ժամանակով դադարեցվել է արագընթաց գնացքների երթեւեկությունը: Ուժգին երկրաշարժից հետո «Հիգասիդորի» ԱԷԿ-ի եւ «Տոմարի» ԱԷԿ-ի աշխատանքում խափանումներ չեն նկատվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում