Կոռուպցիան ախտ է, որը պետք է արմատախիլ անել. ԱԺ փոխնախագահ
1 րոպեի ընթերցում
![Կոռուպցիան ախտ է, որը պետք է արմատախիլ անել. ԱԺ փոխնախագահ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/12/827884.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիան մեծ խնդիր է, ախտ է, որը հարկավոր է արմատախիլ անել: Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ համաձայնելով այն դիտարկմանը, որ կոռուպցիան երկրի տնտեսության առաջընթացին խոչընդոտող հիմնական գործոններից մեկն է: «Ես այն մարդկանց շարքին չեմ դասվում, ովքեր կարծում են, որ կոռուպցիան խնդիր չէ: Կոռուպցիան մեծ խնդիր է, կոռուպցիան ախտ է, աղբ է, որը պետք է արմատախիլ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ եթե կոռուպցիան մեր երկրում խնդիր չլիներ, կառավարությունը դրա դեմ պայքարի հանձնաժողով չէր ստեղծի: Դիտարկմանը, թե այդ հանձնաժողովը 8 ամիսների ընթացքում ընդամենը մեկ նիստ է գումարել, Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս պարագայում էականը ոչ թե նիստեր գումարելն է, այլ` այդ հանձնաժողովի կողմից իրականացվող քայլերը»: