Քաղաքականություն

Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը

3 րոպեի ընթերցում

Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, ովքեր Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում շեղվել են հիմնական թեմայից և քննադատել իշխանություններին:

Նա անդրադարձավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Հանրային հեռուստաընկերությունը զբաղվում է մարդկանց «իդիոտացնելով»՝ քաղաքականությունից հեռու պահելով, ինչն արվում է իշխանությունների պատվերով։ ««Իդիոտ»-ի հայերեն հոմանիշը «ապուշ»-ն է, որը բաղկացած է «ապ» ժխտական նախածանցից և «ուշ» վերջածանցից և նշանակում է անուշադիր: Նախ կանդրադառնամ իդիոտիզմի մի քանի դետալների: Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները ուշադիր չեն ունկնդրում Հանրայինը, որովհետև Հանրապետական պատգամավորները բողոքում են, որ ամբողջ եթերը ողողված է ընդդիմադիրներով: Ես էլ ասում եմ, որ պետք է լավ զգաք, մեր գործը իրենք են կատարում, երբ երևում են, մեզ քիչ բան է մնում»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ կոչ անելով իշխանական մեծամասնության ներկայացուցիչներին շատ չնեղվել եթերով քիչ երևալու համար:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին, ով այն հիմնականում նվիրեց սահմանադրական բարեփոխումներին և ժողովրդին անհնազանդություն սկսելու կոչ արեց: «Այստեղ քիչ առաջ ելույթ էր ունենում «մենաստանի տիրուհին»: Գիտեք` մենք ցանկանում ենք, որ հանրությունը տեսնի այդ ելույթը, որ այն հեռարձակվի, որ մարդիկ հասկանան՝ ում են ուղարկել Ազգային ժողով: Բնականաբար, հեռուստատեսության վարկանիշը կարող է նվազել, բայց խնդրում եմ, ավելի շատ լուսաբանեք, որ մենք քիչ անելիք ունենանք»:,- նկատեց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը ցավով ընդգծեց, որ երիտասարդները չեն ճանաչում հայտնի հայերին, փոխարենը` շատ լավ ճանաչում են սերիալների դերասաններին, և հավելեց, որ եթերով պետք է ավելի շատ լինեն հոգևոր, մշակութային, կրթական հաղորդումներ, ինչը կարևոր նշանակություն ունի ազգային արժեքները պահպանելու հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում