Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Աղվան Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների հարցում համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի հետ

Աղվան Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների հարցում համաձայն չէ Ռոբերտ 
Քոչարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռորբետ Քոչարյանի հետ առ այն, թե սահմանադրական բարեփոխումների արդյունքում  երկրում ձևավորվելու է միակուսակցական համակարգ, ինչպես եղել է Խորհրդային Միության տարիներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ միշտ հարգանքով է վերաբերել ՀՀ երկրորդ նախագահին և հիմա էլ շարունակում է հարգանքով վերաբերել, սակայն, սահմանադրական բարեփոխումների հարցում իրենց տեսակետներն էականորեն տարբերվում են: «Մենք խորապես համոզված ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը շատ ավելի լայն հանարավորություններ է բացելու մեր երկրի զարգացման համար և շատ ավելի ժողովրդավարական ճանապարհի վրա է դնելու երկիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ միակուսակցական ժամանակները վաղուց անցել են՝ ընդգծելով, որ ներկա դարաշրջանում բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը: «Եվ ընդհակառակը` խորհրդարանական կառավարման համակարգը որոշումների կայացման կոլեգիալ մեխանիզմի հնարավորություն է տալու, և ցանկացած, նույնիսկ տեսականորեն հնարավոր մեծամասնություն ստիպված է լինելու հաշվի առնել ընդդիմության կարծիքը, ընդդիմության հետ կոնսենսուսի գալ, քննարկել, խորհրդակցել: Սա դժվար գործընթաց  է, բայց մեր երկրում ստեղծելու է նաև նոր քաղաքական մշակույթ: Ես վստահ եմ` կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք»,- ասաց Վարդանյանը:

Հարցին` բացառո՞ւմ է արդյոք, որ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կարող է հավաքել 75 տոկոս ձայն, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եթե հանրաքվեով սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, մենք շատ լարված ու ծանր աշխատանք ունենք անելու` ընտրական օրենսգրքի հետ կապված: Եթե մենք կարողանանք նաև լավ ընտրական օրենսգիրք ընդունել, ես տեսականորեն բացառում եմ, որ համամասնական ընտրակարգի պարագայում կարող է որևէ կուսակցություն նման մեծամասնություն ունենալ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am