ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային 7,5 տարով ազատազրկելու վերաբերյալ Բաքվի դատարանի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ Human Rights Watch-ը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին անմիջապես չեղյալ հայտարարել որոշումն ու ազատ արձակել Իսմայիլովային:
«Խադիջա Իսմայիլովայի դեմ կայացված զայրացնող որոշումը ցույց է տալիս օրենքները չեղարկելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը, որպեսզի վրեժ լուծեն իրենց քննադատներից: Այդ դատավճիռը պետք է անմիջապես չեղյալ համարվի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Իսմայիլովայի և այլոց դեմ կայացված անարդար որոշումներ դեմ դուրս գալու նպատակով»,- նշել է իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն և դրա անդամ պետությունները պետք է միասնական արձագանք ցուցաբերեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակի առնչությամբ:
Խադիջա Իսմայիլովան սեպտեմբերի 1-ին ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 7 տարի և 6 ամիս ազատազրկման` զրկվելով 3 տարի ղեկավար պաշտոն վարելու իրավունքից: Դատարանն Իսմայիլովային անմեղ է ճանաչել 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)` նշելով, որ այս առումով չկան բավարար ապացույցներ: