Սահմանազատման գործընթացը Հայաստանի նախաձեռնությունն է․ վարչապետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համոզված եմ և տեսնում եմ, որ սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա թյուրըմբռնում։ Այն, ինչ տեղի է ունենում սահմանազատման գործընթացի հետ կապված, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունն է, մեր կառավարության նախաձեռնությունն է։ Ինչո՞ւ։ Արձանագրելու համար Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, և ես դա ասել եմ, եթե ոչ շատ ուղիղ, այնուամենայնիվ, այս թեմային անդրադարձել եմ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ երբ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրեն, որ ճանաչում են տարածքային ամբողջականությունը և միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտելու միմյանց ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և այլն, մնացած բոլոր հարցերը լուծվելու են այդ շրջանակում։
«Եթե տարածքային ամբողջականությունը ճանաչված է, մնացած բոլոր հարցերը կլուծվեն։ Մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիր»,- նշեց Փաշինյանը։