Մշակույթ

Կոմիտասին բացահայտելով՝ ասես ինքս ինձ բացահայտեմ, իմ ինքնությունը թե՛ որպես մարդ, թե՛ որպես հայ. Հայկ Պետրոսյան

6 րոպեի ընթերցում

Կոմիտասին բացահայտելով՝ ասես ինքս ինձ բացահայտեմ, իմ ինքնությունը թե՛ որպես մարդ, թե՛ որպես հայ. Հայկ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը միշտ բարձր է գնահատել Կոմիտասի թողած հարուստ մշակութային ժառանգությունը, կարծել, որ այն անհրաժեշտ է պահպանել, տարածել ու առավել ճանաչելի դարձնել ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, սակայն միայն  նախորդ տարի է նա սկսել Կոմիտաս կատարել, ավելի լուրջ ուսումնասիրել կոմիտասյան երգերը:

«Կոմիտաս ուսումնասիրելով՝ ընկնում ես հայագիտության դաշտ, սկսում ես բացահայտել հայկական մշակույթը, մեր երգերը, որ դարերի խորքից են եկել: Այդ երգերը հայ ժողովրդի մշակութային հարստությունն ու ժառանգությունն են, որ փրկեց Կոմիտասը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Պետրոսյանը:

8D1A9960.JPG

Կոմիտասը նոր աշխարհ է բացել Հայկ Պետրոսյանի առաջ: Նա շատ է կարդացել Կոմիտասի մասին, լսել երգերը, փորձել հասկանալ ակունքները, և մի օր հասունացել է այն պահը, երբ ինքն է սկսել Կոմիտաս երգել:

«Այս տարի Ոսկեվան գյուղում, որը Բաղանիսի և Ոսկեպարի հարևանությամբ է, ունի հարուստ բնություն, առաջին անգամ համերգով ներկայացա՝ կատարելով Կոմիտասի երգերը: Համերգը «Վայ, լե, լե» խորագրով էր: Պատմում էի Կոմիտասի կյանքը, ընթացքում երգում: Հանդիսատեսը ևս միանում էր: Երևանում էլ այդ համերգով ներկայացա: Այն անվանել էի «Վայ լե, լե. առաջին տպավորություն»: Կոմիտասին նվիրված համերգները նախատեսում եմ շարունակել: Հետագայում տարբեր նախագծեր կլինեն: Կոմիտասին բացահայտելով՝ ասես ինքս ինձ բացահայտեմ, իմ ինքնությունը թե՛ որպես մարդ, թե՛ որպես հայ»,-ասում է Պետրոսյանը:

Հայկ Պետրոսյանը Կոմիտասով սկսել է շատ հետաքրքրվել իր հոր՝ Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացումից հետո: Վարդան Պետրոսյանը ներկայացումը խաղացել է քառասուն անգամ, որից 39-ին Հայկ Պետրոսյանը ներկա է եղել:

8D1A9975.JPG

«Դա թատերական գլուխգործոց էր, որտեղ մեր իրականությունն էր՝ պատմական խորքից մինչ օրս, Կոմիտասի կենսագրությունը, աշխարհը և մենք և այլն: Տարիներ անց մի բան ծաղկեց իմ մեջ. շատ բոցավառված եմ Կոմիտասով, հենց պահը գալիս է, միանգամից  սկսում եմ փորձեր անել, երգել, աշխատել, շտկել, վերլուծել: Նրա խոսքերը շատ խորիմաստ են, կան նաև պարզ խոսքեր: Կոմիտասյան աշխարհը մի կողմից պարզ է, մյուս կողմից՝ անսահման խորքային: Կոմիտաս երգելիս տպավորություն է, որ ամեն ինչ փոխվում է: «Կաքավիկ», «Շողեր ջան», «Սոնա յար». հանդիսատեսը միշտ հաճույքով է երգում այդ երգերը: Երբ առնչվում ես Կոմիտասի աշխարհին,  այն դառնում է անսովոր ու հարազատ միևնույն ժամանակ»,-շեշտում է երգիչը:

Նա հիշեցնում է՝ Կոմիտասն ասում է՝ երգը հոգու հայելին է: «Կոմիտասն  ասում էր, որ այդ հոգին պարզ է: Երգը մարդու զգացմունքն է, երգը մարդու հուզմունքն է, երգը մարդու համարձակությունն է. այդ բոլոր երգերը մենք ունենք: Հայ ժողովուրդն այսօր այդքան քարկոծվում է, բայց ցանկանում եմ ընդգծել, որ մենք ֆենոմենալ տաղանդավոր ժողովուրդ ենք: Ամեն ժողովուրդ չի կարող նման փառահեղ մշակույթ ունենալ, երգարվեստ: Մեկը մյուսից տիեզերական խորություն ունեցող մեղեդիներ են. մեկը մի գեղջուկ է գրել, մյուսը՝ մի 16-ամյա աղջիկ: Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը պատմում էր, որ «Չինար ես» երգը երգել է մի 16 տարեկան աղջիկ Թագուշ անունով, ու Կոմիտասը ցնցվել է: Ինչքան մաքրություն ու պարզություն կա այդ երգի մեջ»,-ասում է Հայկը:

8D1A0008.JPG

Նրա խոսքով՝ Կոմիտասին ընկալում ենք ողբերգականությամբ՝ Հայոց ցեղասպանությունը, տարիներ շարունակ փակ դռների հետևում լինելը, բայց Կոմիտասը, ինչպես և հայկական երգը, բացառիկ կայտառ էր ու աշխույժ: «Նա տիտանական աշխատանք է կատարել. առավոտից երեկո արարել է: Կարևոր հանգամանք է նաև այն, որ Կոմիտասը Վարդապետ էր, հոգևորական էր: Նա չէր ապրում աշխարհիկ կյանքով: Լինելով ուրախ, երգով, պարով ապրող մարդ,  կատակասեր՝ նա իր մեծ նպատակները, կամքը, ուժը, սերը ուղղորդում էր մի ուղղությամբ և հսկայական աշխատանք էր կատարում: Նա մի քանի համալսարանի գործ է արել: Կոմիտասին պահպանելը, նրա երգերը տարածելը շատ կարևոր է: Մենք այսօր նաև ինքնության պայքարի մեջ ենք, իսկ ինքնությունը հոգևոր և մշակութային երևույթ է: Այդ իմաստով Կոմիտասի դերը կրկին բացառիկ է»,-շեշտում է երգիչը:

Հայկ Պետրոսյանի համոզմամբ՝ պայքարի ճանապարհ անցնելիս պետք է արժեքներ ունենալ, որոնցից հնարավոր է կառչել, որոնք կարող են ոգևորել, ոգեշնչել, համարձակություն տալ: «Հրաշալի կլինի, եթե մենք Կոմիտասի կատարած ահռելի աշխատանքի դիմաց չալարենք, չզլանանք ու որպես շնորհակալություն սովորենք նրա երգերը: Գոնե հինգ երգ իմանանք: Գագիկ Գինոսյանի կատարած աշխատանքի դիմաց սովորենք մի քանի պար: Նրանք երկնքից կնայեն ու կժպտան»,-եզրափակում է Հայկ Պետրոսյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում