ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ներառելով ՌԴ-ի երեք քաղաքացիների եւ 14 իրավաբանական անձանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կանադայի արտաքին գործերի եւ միջազգայի առեւտրի նախարարության կայքում:
Ընդլայնված ցուցակում տեղ են գտել Երիտասարդության եվրասիական միության ղեկավարներ Ալեքսանդր Դուգինը, Պավել Կանիշչեւը եւ Անդրեյ Կովալենկոն:
Բացի այդ, պատժամիջոցները վերաբերել են նաեւ իրավաբանական անձանց, մասնավորապես, «Գազպրոմ», «Գազպրոմնեւֆտ», «Սուրգուտնեւֆտեգազ» եւ «Տրանսնեւֆտ» ընկերություններին, ինչպես նաեւ «Գիշերային գայլեր» մոտոակումբին եւ Marshall Capital հիմնադրամին:
Ինչպես նշվում Է գերատեսչության կայքում, պատժամիջոցների ընդլայնման որոշումն ընդունվել Է այն բանի կապակցությամբ, որ Կանադայի կառավարության կարծիքով «Ռուսաստանի Դաշնության գործողությունները լրջորեն խախտում են միջազգային կարգն ու անվտանգությունը, այդ գործողությունները հանգեցրել են կամ, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն միջազգային լուրջ ճգնաժամի»:
Ավելի վաղ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարացրել Է մինչեւ 2016 թվականի հունվարի 31-ը: Որոշման մեջ նշվել Է, որ միջոցները «սահմանվել են ի պատասխան Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի ապակայունացնող դերակատարության», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: