Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Մեր հզորությունը ոչ թե զոռբայության, այլ իմաստության մեջ է. ՀՀ ոստիկանապետը կրկին Բաղրամյան պողոտայում էր

Մեր հզորությունը ոչ թե զոռբայության, այլ իմաստության մեջ է. ՀՀ 
ոստիկանապետը կրկին Բաղրամյան պողոտայում էր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 26-ի առավոտյան կրկին Բաղրամյան պողոտայում էր: Նա մոտեցավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի նախաձեռնող խմբի անդամներին, որոնց հորդորեց ապահովել Երևանում աղբահանությունը կազմակերպող «Սանիթեք» ընկերության բնականոն աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա նշեց, որ այն բանից հետո, երբ երեկ Բաղրամյան պողոտայում աշխատող աղբատար մեքենայի վրա է բարձրացել դեռահաս աղջիկ, ընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվում է կրկին մուտք գործել նստացույցի վայր: Նրանք պատրաստ են աղբը տանել, եթե ակցիայի մասնակիցները դրանք մոտեցնեն մեքենային: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, երաշխավորելով անվտանգությունն ու նման դեպքերի բացառումը, խնդրեց միջնորդել, որ ընկերության մեքենաները մոտենան ու տանեն աղբը: Խնդրանքն ընդունվեց ոստիկանապետի կողմից:

Բաղրամյան պողոտայում փոքրիկ զրույց տեղի ունեցավ Վլադիմիր Գասպարյանի և Տեր Եղիշեի միջև: Հոգևորականը տեղեկացրեց, որ ոստիկանապետի հետ հանդիպել են դեռևս Վազգեն Ա-ի կաթողիկոսության օրոք: Տեր Եղիշեն նշեց, որ պետք է պարծենալ ներկայի երիտասարդությամբ, իսկ ի պատասխան Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Երիտասարդությամբ ոչ միայն պետք է պարծենանք, այլ պետք է տանք այն դրականը, լավը, որ ունենք: Դատարկ հպարտությունը երբեք ոչ մի բանի չի բերում, բացի ինքնահավանությունից: Ես ընդունում եմ, որ մեր երիտասարդները մեզանից անելի որակով են, դա նորմալ գործընթաց է: Այդ նոր որակների տակ մեր ակունքները պետք է պահենք, բայց շատ ժամանակ մեր ակնունքները մոռացության են մատնված»:

«Փորձ չունեն»,-ասաց Տեր Եղիշեն:
«Այո, քանի որ մեր երիտասարդները փորձ չունեն, ղեկավարվում են միայն ժխտողականությամբ, իսկ երբ դու կատեգորիկ ես լինում, փակում ես երկխոսությունը, դա ոչ թե խելամտության, այլ ընդհակառակի արդյունք է: Պետք է երկխոսել: Եթե ի սկզբանե ասում ես ոչ, խոսելու թեմա չկա: Ով է ասում ոչ, որը հիմքում չունի ոչինչ: Մենք փոքրաքանակ ազգ ենք, մեր հզորությունը ոչ թե ուժի ու զոռբայության մեջ պետք է լինի, այլ իմաստության»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանապետը նաև անընդունելի համարեց այն մոտեցումը, որ երկրի Նախագահին պահանջներ են դրվում երկխոսության գնալու համար: «Երկրի նախագահին պահանջներ չեն դնում, այդպես արդար չի: Երկրի քաղաքացին երկրի Նախագահի՝ գերագույն գլխավոր հրամանատարի երկխոսության կոչին չպետք է ասի` «այսպես լինի, այնպես լինի»: Երբ խոսքը գնում է կոնկրետ խնդիր լուծման մասին, երբ երկրի նախագահը ձեռք է մեկնում մեկ անգամ, երկու անգամ, իսկ դու ասում ես` այսպես լինի, այնպես լինի, խոսում է նրա մասին, որ չկա դեռ ծրագիր ու խոսելու բան»,-նշեց Գասպարյանը:

Նա նկատեց, որ իշխանությունները ծառաներ չեն, այլ իրականացնում են ծառայություն:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանիկենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան:Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am