Քաղաքականություն

Ռուս խորհրդարանականներն աջակցում են ընդդեմ ցեղասպանության պլատֆորմ ստեղծելու ՀՀ ԱԺ առաջարկին

15 րոպեի ընթերցում

Ռուս խորհրդարանականներն աջակցում են ընդդեմ ցեղասպանության պլատֆորմ ստեղծելու ՀՀ ԱԺ առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովը՝ Ազգային ժողովի փոխնախագահ, Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հունիսի 3-ից 7-ը մեկնել է Մոսկվա` մասնակցելու միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 26-րդ նիստին: Հանձնաժողովի կազմում էին ԱԺ պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը, Վոլոդյա Բադալյանը, Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Լևոն Զուրաբյանը, Միքայել Մելքումյանը, Կարեն Բոթոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջխորհրդարանական հանձնաժողովի 26-րդ նիստի շրջանակներում ՌԴ Պետդումայում հունիսի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ, որի ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության հարցեր և հատկապես՝ համատեղ հանձնաժողովի դերակատարությունը: Անդրադարձ է եղել Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամակցությանը, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության այն հեռանկարներին, որոնք բացվում են միությանն անդամակցելով:

Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ռուսաստանցի իրենց գործընկերներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար, քանի որ ՌԴ Պետդումայից ներկայացուցչական պատվիրակություն էր մասնակցում՝ Պետդումայի փոխնախագահ պարոն Լևիչևի գլխավորությամբ, բացի այդ, մասնակցում էր նաև պատվիրակություն Դաշնության խորհրդի կողմից՝ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գալինա Կարելովայի գլխավորությամբ, ընդհանուր պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին խոսվել է նաև Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Եվգենի Բուշմինի հետ հանդիպման ժամանակ:

Պատվիրակության անդամներ Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Միքայել Մելքումյանը արծարծել են մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործընթացների, միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումների շուրջ, հայ խորհրդարանականները բարձրացրել են հարցեր, որոնք վերաբերում էին երկուստեք համագործակցությանը, այդ թվում՝ զենքի վաճառքին, տրանսպորտային հաղորդակցության և այլ խնդիրներին:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 26-րդ նիստը շարունակվել է հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության Սախա (Յակուտիա) Հանրապետության մայրաքաղաք Յակուտսկում, որտեղ համատեղ հանձնաժողովը հանդիպում է ունեցել Սախա (Յակուտիայի) Հանրապետության Նախագահ Եգոր Բորիսովի հետ:

Նիստը վարել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Դաշնային կազմավորումների, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման և Հյուսիսի գործերով կոմիտեի անդամ Նիկոլայ Ռիժկովը, հայկական կողմից` Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական և ռուսական կողմերի անդամներ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ Սախա (Յակուտիա) Հանրապետության տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Յակուտիայում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում էր «Ժողովուրդների եղբայրությունը Մեծ Հաղթանակի գրավականն է» հարցը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:

Նիստը ողջույնի խոսքով բացել է հայ-ռուսական համատեղ հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ տալով Յակուտիա միջխորհրդարանական հանձնաժողովի այցելության գնահատականը:

Հայկական կողմից ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Հերմինե Նաղդալյանը։ Նա ընդգծել է Միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը` վստահություն հայտնելով, որ դրա արդյունքները հետագայում ևս ամրապնդելու են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը՝ ընդգրկելով երկուստեք էական նշանակություն ունեցող հարցերի ավելի լայն շրջանակ։

Գնահատելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նշանակությունը և ներկայացնելով նրա արժեքը արդի հանրության համար` հատկապես որպես նախազգուշացում այսօր վերածնվող պատերազմների և ագրեսիայի, ահաբեկչության տարբեր ձևերի, անհատի ազատությունների և ապրելու գլխավոր իրավունքի դեմ ուղղված գործողությունների դեմ՝ Հերմինե Նաղդալյանը անցում է կատարել դեպի տարվա մյուս գլխավոր բովանդակությանը՝ տալով Եվրասիական տնտեսական միության կազմավորման և Հայաստանի՝ 170 միլիոնանոց այդ կառույցի մեջ այս տարի մտնելու սկզբունքային գնահատականը։

«Այսօրվա դրությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված է մեծ պայմանագրաիրավական հիմք, որը գործնականում ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները։ Քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական, տարածաշրջանային և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությունը դուրս է եկել որակապես նոր մակարդակ։ Միանալով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170 միլիոնանոց շուկայի մասը, ինչը մեր երկիրը ավելի գրավիչ է դարձնում ներդրումների և խոշոր երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար։ Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միությունն այն հարթակն է, որը պայմաններ կապահովի նրա անդամ երկրների կայուն տնտեսական աճի և համաշխարհային շուկայում նրանց մրցունակության բարձրացման համար»,- շեշտել է Հերմինե Նաղդալյանը:

Նաընդգծել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի կարևոր դերը երկու երկրների կապերի ամրապնդման գործում:

ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ողջույնի խոսքը հրապարակել էՊետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը։ Պետական Դումայի խոսնակը Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ համագործակցության օրախնդիր հարցերի շուրջ ուղղակի երկխոսությունը, գլոբալ հիմնախնդիրների համատեղ քննարկումը, ամենաբարդ խնդիրների լուծման ստույգ ճանապարհն է:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազորդեսպան Օլեգ Եսայանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Յակուտիայի Պետական Ժողովի (Իլ Թումեն) նախագահի տեղակալ Օլգա Բալաբանովան։

«Հայերը Հայրենական Մեծ պատերազմում» զեկուցմամբ հանդես եկավ Հերմինե Նաղդալյանը, ով, կարևորելով Հայրենական մեծ պատերազմի դերն ու նշանակությունը` անթույլատրելի համարեց այդ Մեծ հաղթանակի նսեմացումը։

«Ֆաշիզմը, նացիզմը, այլատյացությունը բացարձակապես անթույլատրելի պետք է լինեն։ Այսօր աշխարհը գնում է մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ստեղծման ճանապարհով»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Զեկույցներին հաջորդել են քննարկումներ, որին մասնակցել են՝ հայկական կողմից՝ ԱԺ պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը, Հայկ Բաբուխանյանը, Վոլոդյա Բադալյանը, հարցեր ուղղվել են զեկուցողներին, որից հետո քննարկման արդյունքները Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովը ընդունել է ի գիտություն։

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները շարունակվել են ՌԴ գիտությունների ակադեմիայի Յակուտսկի հումանիտար հետազոտությունների և Հյուսիսի փոքրաթիվ ժողովուրդների ուսումնասիրման ինստիտուտի հանդիսությունների դահլիճում կազմակերպված «Պատմության դասերը ժողովուրդների ճակատագրում. Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը» կլոր սեղանի շրջանակներում: Դահլիճի նախասրահում կազմակերպվել էր նաև ցուցահանդես ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կլոր սեղանի ընթացքում ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ զեկույցով: Նա ներկայացրել է Հայոց մեծ եղեռնի եղելությունը և դրա տեղը մարդկության դեմ կատարված հանցագործությունների շարքում՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ։

«20-րդ դարի ողջ պատմությունն ապացուցեց, որ ցեղասպանության ժխտումը նրա շարունակության հիմքն է դառնում և հանգեցնում նման հանցագործությունների կրկնությունների։ 20-րդ դարի առաջին ցեղասպանության չդատապարտումը անպատժելիության զգացում ծնեց, որը ազատ արձակեց նացիստների ձեռքերը՝ իրականացնելու Հոլոքոստը։ Նույնը հետագայում արձանագրվեց Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններն իրականացրած հանցագործների կողմից»,- շեշտել է Հերմինե Նաղդալյանը:

Անդրադառնալով Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի հզոր արձագանքներին Հայաստանում և միջազգային հանրության մոտ` Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ շուրջ 100 տարվա միջազգային լռությունից հետո հայերը զգացին քաղաքակիրթ աշխարհի սատարումը։ «Հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում այն փաստը, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություն՝ դեռևս 1995 թվականից: Իսկ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ի հանդիսությունների ժամանակ Հայաստանում էր՝ հայ ժողովրդի կողքին և ելույթ ունեցավ` խստորեն դատապարտելով այս մեծագույն հանցագործությունը։

Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների նման մանրամասն ներկայացումը որոշակի նորություն էր Ծայր Հյուսիսի ազգաբնակչության և քաղաքական շրջանակների համար և ունեցավ պատշաճ արձագանք մասնակիցների շրջանում։ Այն ամրապնդեց տեղի բավականին հոծ հայկական համայնքի ազգային ինքնագիտակցությունը և կապը հայրենիքի հետ»,-նկատել է Նաղդալյանը։

ՆաՀայոց ցեղասպանության դասերը հստակորեն կապել է այսօրվա համամարդկային խնդիրների հետ` շարունակաբար շեշտելով այն իրավիճակը, որ անտեսումը հանգեցնում է այս ոճրագործության նորանոր դրսևորումների։ «Մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ, հատուկ պատասխանատվություն ենք զգում ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դրա դրսևորումների դեմ պայքարի գործընթացում՝ հանուն ցեղասպանություն տարած ժողովուրդների իրավունքների և պատմական ճշմարտության վերականգնման։ Ցեղասպանությունների կանխարգելումը նպատակ է, որին պետք է ձգտի ողջ քաղաքակիրթ մարդկությունը Այս շեշտադրումները ավելի քան արդիական են հնչում այսօր՝ շարունակվող և նոր թափ ստացող մարդկային վայրագությունների խորապատկերի վրա»,-ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:

Ելնելով այս գործընթացում խորհրդարանների առանձնահատուկ դերի գնահատումից՝ Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնել է ՀՀ ԱԺ-ի առաջարկը՝ ստեղծելու միջազգային համագործության պլատֆորմ՝ «Խորհրդարանականները ընդդեմ ցեղասպանության» կարգախոսով։

«21-րդ դարը պետք է զերծ լինի մարդկության դեմ հանցագործություններից և ցեղասպանություններից: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում միջազգային խորհրդարանական ամբիոնը կդառնա համագործակցության և մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի հիմնահարթակ՝ հանուն մարդու իրավունքների և մարդկային համընդհանուր արժեքների, հանուն ապահով և հաստատուն զարգացման, հանուն կոնֆլիկտների կանխարգելման և խաղաղարարական նախաձեռնությունների և հասարակությունների ու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծման և պահպանման»,- ամփոփել է զեկուցողը։

Կլոր սեղանի շրջանակներում ելույթներով հանդես են եկել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ռուսական կողմից՝ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, սենատորներ՝ Իգոր Չերնիշենկոն, Ռաֆաիլ Զինուրովը, Պետդումայի անդամ Բորիս Ռեզնիկը և այլոք, ովքեր աջակցություն են հայտնել ՀՀ ԱԺ-ի նախաձեռնությանը:

Հայ և ռուս խորհրդարանականները մասնակցել են Յակուտսկում հայկական համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների, այդ թվում՝ այցելել են հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, մասնակցել մշակութային կրթական կենտրոնի հանդիսավոր բացմանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ քսանյոթերորդ նիստը նվիրված է լինելու «Ռուս-հայկական մշակույթային համագործակցության զարգացումը» թեմայի քննարկմանը։ Որոշում է ընդունվել Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում