Հասարակական

Ազգային արխիվի զորավար Անդրանիկին և այլ գործիչներին առնչվող փաստաթղթերը կբացվեն 2018-ին

2 րոպեի ընթերցում

Ազգային արխիվի զորավար Անդրանիկին և այլ գործիչներին առնչվող փաստաթղթերը կբացվեն 2018-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվում 1918 թվականի դեպքերին առնչվող փաստաթղթեր կան, որոնք միայն 100 տարին լրանալուն պես կհրապարակվեն: «Մեր արխիվում շատ փաստաթղթեր կան, որոնք 2018 թվականին կհրապարակվեն, օրինակ՝ զորավար Անդրանիկի, Քաջազնունու, Խատիսյանի հետ կապված»,-լրագրողների հետ զրույցում մայիսի 28-ին նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նա ընդգծեց, որ ազգային արխիվում պահպանվել են նաև Հայոց ազգային խորհրդի արձանագրությունները: Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ Թբիլիսիում այդ տարիներին առնչվող ավելի շատ արխիվային փաստաթուղթ կա, քան մեր երկրում, բայց այդ արխիվները փակ են:

Վիրաբյանն անդրադարձավ 1918թ. մայիսյան հերոսամարտերին:«Մայիսյան հերոսամարտերի ժամանակ հայ ժողովրդի առջև ծառացել էր լինել-չլինելու հարցը: Հենց այդ օրերին հայ ժողովուրդը միասնականություն ցուցաբերեց: Հայկական զորքերը վերախմբավորվեցին և անցան հարձակման: Նրանք ցույց տվեցին, որ կարող են կռվել: Այս ճակատամարտերի շնորհիվ Հայաստանը դարձավ պետություն, կնքեց իր առաջին պայմանագիրը: Առաջին անգամ Հայաստանի Հանրապետություն հռչակվեց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ամատունի Վիրաբյանը:

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը վստահ է՝ 1918-ի մայիսը զարմանահրաշ էր: «Հայ ժողովուրդը հասկացել էր, որ եթե այդ ճակատամարտում չպայքարի, անիմաստ կինի իր գոյությունը: Դժվար ժամանակներ էին, հայկական առաջին պետությունը 2,5 տարի գոյություն ունեցավ, սակայն հայ-թուրքական հաջորդ ճակատամարտում հայկական զորքերը նման դիմադրություն ցույց չտվեցին»,- հավելեց նա:

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի 97-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի այս օրը Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի՝ շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում