Միջազգային

Իրանը եւ «վեցյակը» պայմանավորվել են պատժամիջոցների միաժամանակյա վերացման մասին. Մեջլիսի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Իրանը եւ «վեցյակը» պայմանավորվել են պատժամիջոցների միաժամանակյա վերացման մասին. Մեջլիսի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ԻԻՀ նկատմամբ գործող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների միաժամանակյա վերացման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի պատգամավոր Քամալեդդին Պիրմոազզենը:

«Արաքայում ծանր ջրով ռեակտորի պահպանումը, ԻԻՀ նկատմամբ ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների միաժամանակյա վերացումը, Ֆորդո ձեռնարկության պահպանումը, որում կաշխատի 1.444 ցենտրիֆուգա՝ այս ամենը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի մասն է, որին արդեն համաձայնել են «վեցյակ»-ի երկրները», - հայտարարել է օրենսդիրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հղում անելով արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ նրա տեղակալի՝ իրանական պատվիրակության ղեկավար Աբաս Արագչիի հայտարարությանը, որը հնչել է Մեջլիսի փակ նիստի ընթացքում:

Պատժամիջոցների վերացման հերթականությունը Իրանի եւ վեց գերտերությունների միջեւ տեղի ունեցող բանակցություններում ամենավիճարկելի խնդիրն էր: ԱՄՆ-ն պնդում էր Իրանի նկատմամբ գործող սահմանափակումների փուլային վերացման անհրաժեշտության մասին, իսկ Իրանն, իր հերթին, որ բոլոր պատժամիջոցները պետք է միաժամանակ վերացվեն՝ Գործողությունների համընդհանուր պլանի՝ ուժի մեջ մտնելու պահից:

Բանակցությունները կշարունակվեն մայիսի 26-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում