Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Հինգ միսիոներ կանանց ճակատագրերը ներկայացնող ֆիլմը կինոէկրաններին է


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմն արդեն էկրաններին է: «Ման Փիքչրս» ստուդիայի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ նկարահանված կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Փրկության քարտեզ»-ը համամարդկային ցավի, մի ազգին պատահած  փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով:

Ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը պրեմիերային ընդառաջ նշեց, որ կինոնկարը մոտ մեկ տարվա աշխատանք է:

«Այն խաղարկային-փաստավավերագրական  կինոնկար է, տեսակով՝ փորձարարական, օրիգինալ լեզուն անգլերեն է: Նկարահանվել են այնպիսի արխիվներում, որոնք հանրամատչելի չեն եղել՝ Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի արխիվներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Շահբազյանը:

Կինոնկարի մտահղացման հեղինակ, գխավոր պրոդյուսեր  և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանն ընդգծեց, որ ֆիլմը նկարահանվել է ինը երկրի 29 քաղաքներում:

«Ցանկությունը մեծ էր հասցնել և ավարտել ֆիլմի աշխատանքները: Ապրիլի 25-ին ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կկայանա Գյումրիում: Ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում այն կներկայացվի հայաստանյան քաղաքներում, նաև այն երկրներում, որտեղ նկարահանել ենք: Բուն նպատակը նաև այլազգի հանդիսատեսին ներկայացնելն է մեր հերոսներին և Ցեղասպանության պատմությունը»,- ընդգծեց Մանվել Սարիբեկյանը: Նրա խոսքով՝ ֆիլմը հետագայում կտարածվի տեսասկավառակների վրա, կներկայացվի նաև փառատոններում:  

«Հնարավոր է, որ հեռուստատեսային ֆորմատով շարունակություն ունենա նախագիծը, քանի որ շատ նյութեր կան, որոնք սեղմվել են կինոնկարի տարբերակում»,- հավելեց նա՝ նշելով, որ անհավանական և անսպասելի հաջողություններ են եղել նկարահանումների ընթացքում, որոնց կարծես թե նպաստել են հենց միսիոներ հերոսուհիները:

Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող  գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա  գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: Նա առաջին անգամ է կինոյում նկարահանվում:

«Ես կինեմատոգրաֆիստ չեմ, և սա իմ առաջին աշխատանքն է: Ես ցեղասպանագետ եմ, ինձ համար մեծ պատիվ էր աշխատել խմբի հետ: Ցեղասպանությունը պատմություն է չարիքի, մահվան, ցավի մասին, բայց բոլոր պատմություններում էլ լուսավոր կետեր կան, և այն հինգ կանայք, որոնց մասին պատմվում է ֆիլմում, այդ լույսն են: Նրանք թողեցին իրենց երկրները, իրենց ընտանիքները՝ Հայաստան մեկնելու և հայերին օգնելու համար: Այս ֆիլմը հարգանքի տուրք է այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են Ցեղասպանության չարիքները մեղմելուն»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում միսիոներուհիներից շատերն ավելի հայտնի են, քան իրենց հայրենիքներում:

«Փրկության քարտեզ»-ը խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է: Բնօրինակի լեզուն անգլերեն է, թարգմանվելու է նաև հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով: Սա ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին: Սա պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ:  Ֆիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես՝  Հայոց ցեղասպանության ժամանակ բողոքի ու ընդվզման ալիքի նման առաջացած հումանիստական շարժման մասին:

Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա: Հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայ ազգի կոտորածները: Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց  ապաստանների հիմնադիրները: Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով ու տարբեր երկրներից  գալով հայոց հող՝ նրանք անմնացորդ ու անձնուրաց նվիրվել են հայ ժողովրդին: Ֆիլմը նվիրվում է մեծ հումանիստների հիշատակին` որպես   երախտագիտության տուրք ամբողջ հայ ժողովրդի, մարդասիրական հայացքներ դավանող մյուս ժողովուրդների և, ընդհանրապես, վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից: Նկարահանումներին  մասնակցել են 15  պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարներ:  Ֆիլմին աջակցել են 7 երկրների 11 խորհրդատուներ՝  պատմաբաններ, ցեղասպանագետներ, ֆիլմի հերոսների կենսագիրներ: Ֆիլմում Ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:



Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ