Հասարակական

Աշխարհի 10 ամենահայտնի հայերն ըստ The Guardian-ի

3 րոպեի ընթերցում

Աշխարհի 10 ամենահայտնի հայերն ըստ The Guardian-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը կազմել է աշխարհի ամենահայտնի 10 հայերի ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցանկում ներառված են աշխարհի տարբեր ծայրերում գործունեություն ծավալած և հռչակ ձեռք բերած հայերը: Պարբերականը հիշեցրել է, որ հայկական սփյուքը կազմում է շուրջ 10 մլն մարդ, ինչը 3 անգամ գերազացում է Հայատանի բնակչության թվաքանակը:

Ամենահայտնի հայերի ցանկը գլխավորում է 68-ամյա երգչուհի եւ դերասան Շերիլին Սարգսյանը (Շեր), ում հայրը եղել է հայ: Շերը բազմիցս է խոսել հայկական արմատներին իր կապվածության մասին, իսկ օրերս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պատմել էր Հայոց ցեղասպանության և իր տատիկի պատմության մասին:

Քիմ Քարդաշյանը՝34-ամյա ամերիկյան աստղը, հայտնի է դարձել իր ռեալիթի-շոուի և «պրոֆեսիոնալ սելֆիների» միջոցով: Նա վերջերս է եղել Հայաստանում, ծանոթացել իր արմատներին և հանդիպել Հայաստանի վարչապետի հետ:

Անդրե Աղասին 44-ամյա հայտնի թենիսիստ է, ում հայրը եղել է հայ, իսկ մայրը` իրանական ծագումով ամերիկուհի: Աղասին իր մարզական կարիերայի ընթացքում արժանացել է 8 «Մեծ սաղավարտ»-ի:

Շառլ Ազնավուրը 90-ամյա աշխարհահռչակ երգիչ է և դերասան: Ազնավուրյանների ընտանիքը Ֆրանսիայում բնակություն է հաստատել 1915 թվականից հետո: Հենց Ֆրանսիայում էլ Շառլը մեծ համբավ է ձեռք բերել` նկարահանվելով ավելի քան 60 ֆիլմերում, ինչպես նաև գրել և կատարել է հարյուրավոր երգեր:

Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն է 2004 թվականից: 65-ամյա Լավրովը ծնվել է Մոսկվայում: Նրա հայրը հայ է, մայրը` ռուս:

Քըրք Քըրքորյանը հայտնի բիզնեսմեն է: 97-ամյա Քըրքորյանը Tracinda ընկերության գործադիր տնօրենն է, և նրա կարողությունը գնահատվում է շուրջ 4 մլրդ դոլար:

Ալեն Պրոստը «Ֆորմուլա 1» ավտոարշավի մրցումների քառակի չեմպիոն է: 60-ամյա Պրոստի տատն ու պապը հայեր էին, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին տեղափոխվել էին Ֆրանսիա:

Սերժ Թանկյանը System Of A Down ռոք-խմբի հայտնի մեներգիչն է, ում նախնիները Հայոց ցեղապսանությունը վերապրածներ են: Թանկյանը բազմաթիվ նախաձեռնություններով է հանդես եկել` նպաստելով Ցեղասպանության հարցի բարձրաձայնմանն ու ճանաչմանը:

Դեյվիդ Դիկինսոնը 73-ամյա բրիտանացի հնավաճառ և հեռուստավարող է, ում մայրը եղել է հայ: Նրան որդեգրել են Ջիմ և Ջոյս Դիկինսոնները, և միայն 12 տարեկանում է Դեյվիդն իմացել, որ որդեգրված է: Նա երբեք չի հանդիպել իր կենսաբանական մորը, թեև նրա հետ նամակագրական կապի մեջ է եղել մինչև վերջինիս մահը:

Էնդի Սերկիսը 50-ամյա դերասան է, ով գլխավորապես հայտնի է «Մատանիների տիրակալը» և «Հոբբիթ» ֆիլմում խաղացած դերով, որտեղ մարմնավորել է Գոլումին: Նրա իրական ազգանունը Սարգսյան է եղել, որը դերասանը հետագայում փոխել է Սերկիսի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում