Հասարակական

Երևանը՝ խոշորացույցի տակ. նորաստեղծ Yerevaninfo.am -ը կտեղեկացնի մայրաքաղաքի բոլոր կառույցների մասին

3 րոպեի ընթերցում

Երևանը՝ խոշորացույցի տակ. նորաստեղծ Yerevaninfo.am -ը կտեղեկացնի մայրաքաղաքի բոլոր կառույցների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի և դրա հետաքրքիր վայրերի մասին ամբողջական տեղեկատվությունն արդեն հասանելի է Yerevaninfo.am տեղեկատվական կայքում։ Մայրաքաղաքի պատմական ու մշակութային, ժամանցային և զբոսաշրջային վայրերը, ինչպես նաև հեծանվագծերն ու Մետրոպոլիտենի կայարանները հնարավոր կլինի հեշտությամբ գտնել ու ծանոթանալ դրանց, մինչ սեփական աչքով տեսնելը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում կայքի հիմնադիր Արթուր Հարությունյանը պատմեց, որ փորձել է հնարավորինս մատչելի կերպով ամփոփել այն ողջ տեղեկատվությունը, որ հարկավոր է Երևան այցելողին և ինչու ոչ՝ քաղաքի բնակիչներին։ «Կայքի գլխավոր էջում Երևանի քարտեզն է, որի վրա նշված են արդեն իսկ հաշվառված վայրերը։ Դրանց մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է պարզապես մտնել համապատասխան էջը։ Որպեսզի այցելուն ավելի հեշտությամբ գտնի իրեն անհրաժեշտ վայրը, ստեղծել ենք հարմար որոնողական համակարգ։ Մյուս կողմից էլ կայքն ունի բաժիններ, որտեղ խմբավորված են բազմաբնույթ կառույցները»,- նշեց նա։

Կայքում տեղեկատվության համալրման գործընթացը դեռևս ամբողջությամբ ավարտված չէ, պարբերաբար ավելացվում են նոր կառույցներ և դրանց մասին տեղեկություն։ Արթուր Հարությունյանի խոսքով՝ մշակութային վայրերի և թանգարանների համար իրենց ծառայություններն անվճար են։ «Այդ կառույցների մասին տեղեկատվությունը մշակում ենք ինքներս՝ տեղադրելով նաև հետադարձ կապի համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները, իսկ կոմերցիոն նշանակություն ունեցող կառույցները իրենք են տրամադրում այն տեղեկատվությունը, որ ցանկանում են ներառել մեր կայքում»,- հայտնեց նա։

Կայքը նպատակ ունի նաև զբոսաշրջիկների համար մատչելի դարձնել Երևանին վերաբերող տեղեկատվությունը։ Yerevaninfo.am-նաշխատումէերեքլեզուներով, իսկ կայքում կարելի է գտնել քաղաքի հյուրանոցների և զբոսաշրջային վայրերի մասին համապարփակ ինֆորմացիա։ Նորամուծություն է այն, որ կայքում ներառվել են քաղաքի հեծանիվագծերն ու Երևանի մետրոպոլիտենի երթուղին։

Yerevaninfo.am-ի հիմնադրի խոսքով՝ հետագայում նպատակ կա ստեղծելու հեռախոսային հավելված՝ IOSև Android համակարգերիհամար, որպեսզի քաղաքի յուրաքանչյուր կետից օգտատերերը կարողանա մուտք գործել իրենց կայք և գտնել անհրաժեշտ վայրը։ Բացի այդ, հավելվածը թույլ կտա GPS-ի միջոցով ցուցադրել դեպի փնտրվող կառույցը տանող ճանապարհը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում