Հասարակական

Պն-ում քննարկվել է զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության հարցը

4 րոպեի ընթերցում

Պն-ում քննարկվել է զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ մարտի 6-ին անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու արդիականացման անհրաժեշտության հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես է եկել ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Նա հավաստել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացմանը, նշված ժամանակահատվածում շահագործման են հանձնվել նոր ավտոհավաքակայան և մի շարք այլ շինություններ:

ԶՈւ-երում զորքերին մատակարարվող սննդամթերքի տեսականին ընդլայնելու ուղղությամբ և ԶՈւ-երի պարենային ու իրային ապահովման այլ հարցերի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը: Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինծառայողների կողմից դրականորեն են ընդունվել սննդամթերքի և հանդերձանքի հետ կապված փոփոխությունները:

Խորհրդակցության ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև ռազմաբժշկական ծառայության իրականացրած բուժկանխարգելիչ, հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման միջոցառումներին: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել կայազորային հոսպիտալներում և բուժկետերում բուժօգնության պայմանները ժամանակակից պահանջներին առավել մոտեցնելու, հիվանդացության դեպքերը բացառելու և կանխարգելելու հարցերին: Ընդգծվել է, որ ԶՈւ-երը համալրվել են բժշկական նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տվել զորքերում ապահովել բուժօգնության կազմակերպման պայմաններն ու բուժկանխագելիչ միջոցառումների արդյունավետ իրականացումը:

Եղել են նաև բազմաթիվ առաջարկություններ, որոնք վերաբերել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և այդ ուղղությամբ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից իրականացվող ընթացիկ և հեռանկարային ծրագրերին:

Խորհրդակցության առաջին մասը եզրափակվել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովի ամփոփիչ զեկույցով, որում նշված է եղել, որ 2014թ. մարտի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ը ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները թե խաղաղ և թե պատերազմական պայմաններում:

Հանդիպման երկրորդ մասում, որին սելեկտորային-տեսակապային տարբերակով ներգրավված են եղել զորամիավորումների և զորամասերի հրամանատարները, ծավալուն անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացվելիք համապետական, կրթաճանաչողական, տեղեկատվական միջոցառումներին, որոնց վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՊՆ ՏՀԿ վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված` ևս մեկ անգամ զգոնության ու պատասխանատվության կոչ է հղել նիստի մասնակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում