Քաղաքականություն

Լուկաշևիչը ղարաբաղյան շփման գծում իրավիճակն անկայուն է համարում

2 րոպեի ընթերցում

Լուկաշևիչը ղարաբաղյան շփման գծում իրավիճակն անկայուն է համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Տարվա սկզբին իրավիճակի սրացումից հետո փետրվարի երկրորդ կեսին որոշակի հանդարտություն հաստատվեց: Դա փաստեցին կողմերի ներկայացուցիչները մոնիթորինգի ժամանակ, որն անցկացվեց փետրվարի 20-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խմբի կողմից: Սակայն վերջին տվյալները, որոնք ստացվել են մարտի առաջին օրերին, վկայում են հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքի մասին: Ցավոք, կան զոհեր»,- ասել է Լուկաշևիչը:

Նա նշել է, որ մարտի 4-ին Կասպրշիկի խմբի կողմից անցկացրած մշտադիտարկման արդյունքներով կկազմվի համապատասխան զեկույց: Լուկաշևիչը կարծիք է հայտնել, որ շփման գծում իրավիճակի մասին հստակ տվյալներ հնարավոր կլինի ստանալ մշտադիտարկումների միջոցով:

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն, թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք հետագայում կհանգեցնեն իրավիճակի լարման ավելացմանը: Լուկաշևիչը հորդորել է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես հայտարարվել էր Սոչիում 2014 թվականի օգոստոսի 11-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում