Հասարակական

Հայկ Դեմոյանն ակնկալում է արտասահմանյան 100-ից ավելի վայրերում ժամանակավոր ցուցադրությունների ներկայացում

2 րոպեի ընթերցում

Հայկ Դեմոյանն ակնկալում է արտասահմանյան 100-ից ավելի վայրերում ժամանակավոր ցուցադրությունների ներկայացում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված 25 անուն ժամանավոր ցուցադրություններ կներկայացվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա հավաստմամբ` դրանք լուրջ գործիքներ են օտարազգիների իրազեկվածության բարձրացման, ցեղասպանության հիշողության պահպանման և ժխտողականության դեմ պայքարի գործում: «Այս պահին արդեն կան 40 հասցեներ, ուր ցուցադրություններ պետք է տեղի ունենան: Կարծում եմ` մինչև ապրիլ 100-ից ավելի հասցեներում ցուցադրություններ հնարավոր կլինի ներկայացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Հայկ Դեմոյանը` հավելելով, որ յուրաքանչյուր ցուցադրությանը կատալոգ է ուղեկցելու, որը պարտադիր պայման է ժամանակավոր ցուցադրությունների դեպքում:

Թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքով` ներկայում ինտենսիվորեն ընթանում են թանգարանի ներքին հարդարման աշխատանքները: «Առաջարկում եմ զինվել համբերությամբ. թանգարանում շրջայց կլինի միայն այն պատրաստ լինելու ժամանակ: Ապրիլի 24-ին նախատեսում ենք թանգարանի բացումը, հիմնական ցուցադրության ներկայացումը»,-տեղեկացրեց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց նաև, որ թանգարանը ցուցանմուշներով ներկայանալու է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին, Համահայկական խաղերին, «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը:

Հայկ Դեմոյանը խոսեց նաև օրեր առաջ լույս տեսած «Հարյուր լուսանկարչական պատմություն Հայոց ցեղասպանության մասին» գրքի մասին` նշելով, որ ռուսերեն ու անգլերեն տարբերակները շուտով պատրաստ կլինեն: «Մենք մի բացառիկ հատոր ենք ներկայացրել` հարյուր ընտրված լուսանկարներ, որոնք ներկայացնում են ցեղասպանության այս կամ այն դրվագը՝ իրենց մանրամասն պատմություններով: Դրանք ոչ միայն լուսանկարներ են, այլև պատմություն է»,- նշեց Դեմոյանը:

Նա նաև հայտնեց, որ ապրիլին Փարիզում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցադրությամբ պայմանավորված նախատեսվում է ներկայացնել գրքի ֆրանսերեն տարբերակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում