Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը շարունակում է ջանքեր գործադրել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հարցով

2 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանը շարունակում է ջանքեր գործադրել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հարցով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տարբեր ինտենսիվ շփումների մեջ է Արցախում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագրի հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:

Նոյեմբերի 18-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պաշտոնապես կրկին դիմել է ԿԽՄԿ-ին որպեսզի քայլեր ձեռնարկեն Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական օդուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մասին տեղեկություն ստանալու համար: Նման դիմում ԼՂՀ ղեկավարությունը ԿԽՄԿ-ին ներկայացրել էր նաեւ նոյեմբերի 13-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում