Քաղաքականություն

ՀՀ Նախագահն աշխարհին հիշեցրել է ԼՂ հարցում Ալիեւի «թվիթերյան դիվանագիտությունը»

3 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն աշխարհին հիշեցրել է ԼՂ հարցում Ալիեւի «թվիթերյան դիվանագիտությունը»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանությունը հանգեցրեց նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին շփման գծում գրանցվեցին ամենամեծ թվով զոհերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է ամերիկյան հայտնի The New York Times պարբերականին տված ծավալուն հարցազրույցում:

«Բոլորը տեսան Ադրբեջանի նախագահի «թվիթերյան դիվանագիտությունը»: Տարիներ ի վեր ամենաբարձր մակարդակով հնչեցվող սպառնալիքները վերափոխվեցին իրական գործողությունների, երբ քաղաքացիական հասատությունները` մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, ինչպես նաև խաղաղ բնակչությունը կրակոցների տակ էին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ուշադրության է հրավիրել տարածված այն թյուրըմբռնման վրա, որը կա միջազգային հանրության մոտ և արտահայտվում է ագրեսորի և այդ ագրեսիայից տուժած զոհի միջև հավասարության նշան դնելով: «Ավելի քան 20 տարի Հայաստանը նախազգուշացրել է Ադրբեջանի ռազմական մտադրությունների մասին, սակայն չի ստացել անհրաժեշտ պատասխան: Սա կամ թյուըմբռնում է, կամ անտարբերություն: Մենք հաստատուն կերպով միջազգային հանրությանը ներկայացրել ենք մեր տարածաշրջանի օբյեկտիվ իրադրությունը, մնացածն արդեն այդ հանրության գործն է»,- եզրափակել է Սարգսյանը:

Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի կեսերը հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ էր: Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվում էր փոխհրաձգություն։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` 2014 թվականի յոթ ամսում հակառակորդի կողմից զինադադարի խախտման շուրջ 18 հազար դեպք է գրանցվել, այնինչ` ամբողջ 2013 թվականին եղել էր միայն 13 հազար դեպք: Հակառակորդի կողմից եղել են նաև 26 հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնցից 15-ը տեղի է ունեցել հուլիսի 25-ից հետո ընկած ժամանակահատվածում:

Հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում լարվածության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմատենչ հայտարարություններ սկսեց անել Թվիթերի իր միկրոբլոգից: Օգոստոսի 7-ին նա մեկ ժամում վաթսունից ավելի հակահայկական գրառում կատարեց` արժանանալով միջազգային հանրության սուր քննադատությանը, որը որակվեց հետևյալ կերպ. «Ալիևը թվիթերով պատերազմ է հայտարարում Հայաստանին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում