Հասարակական

Ցեղասպանության ժխտման պատժելիությունը չի հակասում միջազգային իրավունքին. Հունաստանի վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանության ժխտման պատժելիությունը չի հակասում միջազգային իրավունքին. 				Հունաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ ցեղասպանությունների ժխտման պատժելիությունը չի հակասում միջազգային իրավունքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հույն վարչապետն այդ հայտարարությունն արել է ի պատասխան Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «զգուշացմանը»:

Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 5-ին հանդիպման ժամանակ Էրդողանը Սամարասի հետ զրույցում ասել էր, թե «օրենքի նախագիծը կարող է դժվարություններ առաջացնել երկու երկրների հարաբերություններում»:

Նշվում է, որ հույն խորհրդարականներն արդեն ընդունել են օրինագծում առկա 6 հոդվածներից 3-ը: Մյուս երեք հոդվածների քննարկումը Հունաստանի խորհրդարանում պետք է տեղի ունենա այսօր` սեպտեմբերի 9-ին:Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելի համարող օրենքներ արդեն գործում են Շվեյցարիայում եւ Սլովակիայում: Հունաստանը պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996 թվականին:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքը Հայոց ցեղասպանությանը Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու են համարում թուրքական կառավարությանը:

Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել են աշխարհի 2 տասնյակից ավելի երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում