Մշակույթ

Վազգեն Գաբրիելյանն ընթերցողների համար մակագրեց «Գրավոր խոսք» գիրքը

3 րոպեի ընթերցում

Վազգեն Գաբրիելյանն ընթերցողների համար մակագրեց «Գրավոր խոսք» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրավոր խոսքի նրբությունները կարևորող բազմաթիվ ընթերցողներ հնարավորություն ստացան գրականագետ Վազգեն Գաբրիելյանի մակագրությամբ ձեռք բերել «Գրավոր խոսք» գիրքը: «Նոր գիրք» գրախանութում անցկացված «Գիրքը մակագրում է հեղինակը» նախաձեռնությունը տեղի ունեցավ հուլիսի 22-ին: Իրադարձությանը մասնակցած «Գրավոր խոսք» գրքի հեղինակը սիրով մակագրում էր իր գրքերը բոլոր ցանկացողների համար: Գիրքը հաստատված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցներում և բուհերում սովորողների համար:

Գրքի երրորդ հրատարակությունը լույս է տեսել «Լիմուշ»-ի հրատարակությամբ: «Նյութի զգալի մասը մտած է ուսումնական ծրագրի մեջ, և ուսուցիչները, դասախոսները գիրքն օգտագործում են ուսումնական գործընթացի համար: Գիրքը պարունակում է տեղեկություններ գրավոր խոսքի տեսակների, գրելու կարգի մասին՝ դիմումից սկսած մինչև կենսագրական, կուրսային աշխատանքներից մինչև ատենախոսություն: Միաժամանակ պատմում է, թե ինչպես պետք է գրել: Գրքում ներառված են նաև ուղղագրության և կետադրության կանոնները: Օրինակ՝ տրված է սխալներ պարունակող տեքստ: Պետք է խմբագրել այն և դրա միջոցով սովորել խմբագրելու ձևը: Հնարավոր է սովորել կուրսային աշխատանք կազմելու ձևը: Գրավոր խոսքի բոլոր նրբերանգները ներկայացված են այս գրքում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վազգեն Գաբրիելյանը:

Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2004-ին: Գրքի հրատարակություններից մեկը տպագրվել է 1500, մյուսը՝ 2000 օրինակով: Երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 1000 օրինակով: «Գրախանութներում մնացել է միայն գրքի 250 օրինակ»,-նշեց Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ գրագիտության սկզբունքները չեն հնանում: Գրքում ներկայացվում են գրավոր խոսքի գրեթե բոլոր առավել գործածական տեսակները. տրվում են դրանցից յուրաքանչյուրի համառոտ բնութագիրը, շարադրանքի ձևն ու բովանդակությունը, լեզվաոճական առանձնահատկությունները: Այն կարող է օգտակար լինել ոչ միայն դպրոցականներին և ուսանողներին, այլև առօրյա կյանքում գրագրությամբ զբաղվող մարդկանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում