Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ականատեսը». գաղթի ճանապարհի կոտորածներն ու ճչոցներն առ այսօր 105-ամյա Հերիքնազ Մուրադյանի ականջներում են

«Ականատեսը». գաղթի ճանապարհի կոտորածներն ու ճչոցներն առ այսօր 105-ամյա 
Հերիքնազ Մուրադյանի ականջներում են

«Արմենպրես» լրատվական գործակալութունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ «Ականատեսը» հատուկ նախագծով շարունակում է ընթերցողի դատին հանձնել ցեղասպանությունը վերապրած մարդկանց կյանքի պատմությունները: 2014 թվականին նախագծի առաջին հերոսը Մուշում ծնված 105-ամյա  Հերիքնազ Մուրադյանն է:

ԱՐԳԱՎԱՆԴ,  11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հսկա պղնձե կաթսայով եփած հարիսան ու սեղանի շուրջ հավաքված մեծ գերդաստանը 1909 թվականին ծնված Հերիքնազ Մուրադյանին ամենից շատն են հիշեցնում ծննդավայր Մուշը: Նրա ընտանիքը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բազմանդամ  ընտանիքներից մեկն է, ուր մեկ հարկի տակ ապրում է հինգ սերունդ: Մոտ 90 հոգուց բաղկացած ընտանիքի (Հերիքնազի երեխաների, թոռների, կոռների, հարսների ընդհանուր թիվը) յուրաքանչյուր անդամ առանձնակի հարգանք է տածում ամենատարեց անդամի հանդեպ, ով առողջական խնդիրների պատճառով վերջին ամիսներին անկողնում է, ինչը, սակայն, չի խանգարում նրան հետաքրքրվել ոչ միայն տան անցուդարձով, այլև քաղաքականությամբ և անգամ գազի սակագնի թանկացմամբ:  «Մուշի  հետ կապված շատ լավ է հիշում մի դրվագ, երբ գաղթի ճանապարհին Արաքս գետն անցնելիս  հորեղբոր որդին նրան պինդ շալակն է առել, որպեսզի վայր չընկնի: Նրանք ողջ ունեցվածքը` անասուններին,  ամեն ինչ, գետն անցնելիս տեղավորել են սայլերի վրա»,- Հերիքնազի պատմությունը մեզ է ներկայացնում նրա թոռան կինը` Նելլին: Անգամ շատ տարիներ անց, ականատեսը  միշտ վերապրել է գետն ընկնելուց վախենալու պահը:

Պատմական տեղեկանք

Մուշը քաղաք է Արևմտյան ՀայաստանումԲիթլիսի նահանգի Մուշի գավառում։ Մուշը գավառի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը։ Գտնվում է Արևմտյան Եփրատի ձախ ափից ոչ հեռու: Հարավային կողմում բարձրանում են Հայկական Տավրոս  լեռնաշղթայի Սասունի լեռները, Ծիրկատար և Կորդուխ լեռնագագաթներով, որոնց թեք սարալանջերի վրա ամֆիթատրոնաձև կառուցված էին 1 - 2 հարկանի կավաշեն, անշուք և տարրական հարմարություններից զուրկ, տափակ կտուրներով տները։ Մուշի գետը քաղաքը բաժանում է 2 մասի։  Մինչև 1915 թ. Մուշը ուներ 12 մեծ ու փոքր թաղեր։ Քաղաքի կենտրոնում գտնվում էր շուկան, որտեղ 19-րդ դ վերջերին հաշվվում էին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կրպակներ և արհեստանոցներ, որոնցից 500-ը պատկանում էր հայերին։ Քաղաքի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ։ Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երևույթներ էին։ Արևմտյան Հայաստանի հայության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակի հետևանքով 19-րդ դ վերջերից Մուշից նույնպես շատ հայեր էին պանդխտության գնում Կոստանդնուպոլիս, Ռուսաստան և այլ երկրներ։ Շատերն էլ ուղղակի արտագաղթում էին ընտանիքներով, 1887 թ միայն մեկ ամսում Մուշից արտագաղթել էին 600 հայեր, իսկ ողջ գավառից հեռացածների թիվը այդ նույն ժամանակահատվածում հասնում էր 15 000 մարդու։ Մուշի հայերի զանգվածային կոտորածը սկսվեց 1915 թ. հուլիսի 10-ից։ Քաղաքի և նրա շրջակայքի բնակչության մի զգալի մասը ոչնչացվեց, մի մասն էլ մեծագույն տառապանքներով տարագրվեց այս ու այն երկրները։ Մշեցի տարագիրների որոշ խմբեր 1917 - 1918 և 1927 թթ. հաստատվել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Գետաշեն, Հոկտեմբերյան, Արագածի շրջանի Հնաբերդ և այլ գյուղերում։ Մուշում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն բնակավայրերից է։ 


Հերիքնազը ունեցել է մեկ ավագ քույր, ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ նրանք բռնել են գաղթի ճանապարհը 1915 թվականին, երբ  Մուշում սկսել են զանգվածային կոտորածները: Ընտանիքը հասել է Ղարս, հետո Սևան, Կիրովական (այժմ Վանաձոր), ապա  տարիներ անց միայն հաստատվել Արգավանդ գյուղում: «Տատիկը հաճախ էր խոսում այն մասին, որ մանկության տարիներին տեղի ունեցածը կարծես երազ լինի, ասում էր. «կոտորածները, կրակներն ու ճչոցները ականջներիս մեջ են,  երազներիս մեջ եմ տեսնում»»,- հիշում է Նելլին:

Նրան տպավորել է այն, որ 1988 թվականին Արցախյան շարժման առաջին իսկ օրերից, Հերիքնազն ասել է, որ պատերազմները հազվագյուտ են, սակայն երբ նրանք սկսում են, ժողովուրդը պետք է միասնական անցնի առաջ: «Նա միշտ հավատացել է և սպասել, որ արդարությունը կհաստատվի ցեղասպանության ճանաչման հարցում»,- ընդգծում է ընտանիքի անդամը:

Ցեղասպանության ականատեսն ամուսնացել է 1930 թվականին Ղարսից գաղթած Գարեգինի հետ, ունեցել վեց երեխա` մեկ տղա և հինգ աղջիկ:  Հերիքնազի ավագ որդին` Մայիսը, այժմ 81 տարեկան է, ում գնահատմամբ` իր մոր երկարակյաց լինելու հիմքում շարունակ աշխատելու, երեխաներին  մեծացնելու մեծ ձգտումն է եղել: «Մայրս զբաղվել է իր տնտեսությամբ, հողի հետ աշխատանքով, շատ աշխատող է եղել: Առավոտ կանուխ լույսը վառում էր, որ հողամասում իր գործերը հասցնի անել, լոլիկ քաղհանի, որ երեխաներին  պահի»,- հիշում է ավագ որդին:

Հերիքնազին հաջողվել է պահպանել և կիրառել Մուշից մնացած խորահարական ավանդույթները: Պասուց տոլման, ղաուրման, թթվով կոլոլակը, չորթանով և ավելուկով ճաշերն առանձնակի տեղ են զբաղեցրել նրա պատրաստած ճաշատեսակներում: «Տատիկը շատ խելացի է, չափված, միշտ ասում էր` «երբ գործ ես անում և ինչ-որ բան քեզ դուր չի գալիս, իմացիր, որ մյուսներին էլ դուր չի գա»»,- մեջբերում է Հերիքնազի խոսքերը Նելլին` ընդգծելով, որ անգամ անկողնային վիճակում նրա ուղեղը շարունակում է անդադադար աշխատել ու խելացի խորհուրդներ տալ: Ընտանիքի անդամները հիշում են, թե ինչպես է Հերիքնազը իր մեծ թոռան` Նորիկի 60-ամյա հոբելյանին երկու տարի առաջ քոչարի պարել:

Նելլին կես կատակ-կես լուրջ ասում է, որ շատերը մեկ տանն ապրող երեք հարս և երեք սկեսուր տեսել են միայն հեքիաթներում, մինչդեռ ժամանակակից աշխարհում հազվագյուտ ընտանեկան ֆենոմենը իրենց համար բնական է: Ընտանեկան վեճերից խուսափելու բաղադրատոմսն այն է, որ յուրաքանչյուրը գիտի իր տեղը և մեկը մյուսի գործերին չի խառնվում:

Իր կյանքի պատմությունը նեկայացնելու գործը ընտանիքի անդամներին  վստահած Հերիքնազը զրույցի վերջում ավելացրեց, որ աշխարհին միայն լավն է կամենում և ցանկանում է, որ իր բոլոր երեխաները, թոռներն ու նրանց երեխաները ապրեն լավ և խաղաղ պայմաններում:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները`  Արևիկ Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am