Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ելենա Բաշկիրովան ցանկանում է իր երաժշտացանկը համալրել հայկական ստեղծագործություններով

Ելենա Բաշկիրովան ցանկանում է իր երաժշտացանկը համալրել հայկական 
ստեղծագործություններով

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա ռուս դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան: Անվանի դաշնակահարուհին փետրվարի 2-ին ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում և կկատարի Լիստի, Ալբենիսի, Ուստվոլսկայայի, Չայկովսկու ստեղծագործությունները: Նույն ծրագրով դաշնակահարուհին ելույթներ է ունենում նաև այլ երկրներում:

«Մեզ համար բացառիկ երջանկություն է ընդունել կամերային երաժշտության բնագավառում աշխարհում ամենահայտնի դաշնակահարուհուն: Բաշկիրովայի հայրը հայտնի երաժիշտ և պրոֆեսոր Դմիտրի Բաշկիրովն է, ով խորհրդային երաժշտությանն ամենամեծ ծառայությունը մատուցած դաշնակահարնեւից մեկն է: Որպես կամերային երաժիշտ` Ելենա Բաշկիրովան իր հավասարը չունի: Նա պարբերաբար նվագակցում է բազմաթիվ հայտնի կատարողների»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ, նշեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:

Ռոստոմյանը հավելեց, որ Բաշկիրովան առաջին անգամ Հայաստան է այցելել մի քանի տարի առաջ և որպես մենակատար հանդես եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` կատարելով Բեթհովենի ստեղծագործություններից:

«Ես շատ ուրախ եմ Երևանում լինելու համար, երջանիկ եմ վերադառնալ այստեղ: Հայաստանը հիասքանչ երկիր է, ունի շատ լավ հանդիսատես, և ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ուրախ եմ, որ այսօր շատերն են Հայաստան այցելում, և երբ նշում եմ, որ Հայաստան եմ գալիս, շատերն են ուրախանում: Հազվադեպ է նման հանդիսատես լինում, ինչպես Հայաստանում է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ելենա Բաշկիրովան:

Դաշնակահարուհին հավելեց, որ կցանկանար իր երաժշտացանկը համալրել հայկական ստեղծագործություններով: Ասուլիսի ընթացքում նա ասաց, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում կարելի է իրականացնել Երուսաղեմում:

Ելենա Բաշկիրովայի հետ Հայաստան է ժամանել նաև «Սիմենաուեր Իմպրեսարիատի» հիմնադիր նախագահ Սոնիա Սիմենաուերը, ում շնորհիվ տարիներ շարունակ Հայաստան են եկել բազմաթիվ հայտնի երաժիշտներ և կոլեկտիվներ: Սիմենաուերը նշեց, որ համագործակցության սկզբում Հայաստանի մասին ոչինչ չգիտեր և նույնիսկ մտածում էր, որ Հայաստան արտիստ ուղարկելը նման էր Լուսին արտիստ ուղարկելուն: Սոնիա Սիմենաուերը հայտնեց, որ հայկական փառատոնի հետ համագործակցությունը կշարունակվի: Ելենա Բաշկիրովան Հայաստանից հետո համերգներ կունենա նաև տարածաշրջանի երկրներում:

Դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան ծնվել է Մոսկվայում և սովորել Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում իր հոր՝ հայտնի դաշնակահար և մանկավարժ Դմիտրի Բաշկիրովի ղեկավարությամբ։ Բացի դասական և ռոմանտիկ ստեղծագործություններից, Ելենա Բաշկիրովան կատարում է 20-րդ դարի երաժշտություն և պարբերաբար նվագում այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ, NDR-ի (Համբուրգ), WDR-ի (Քյոլն), Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ և «Կոնցերտհաուզ», ինչպես նաև Փարիզի, Չիկագոյի, Իսպանիայի ազգային, Գյուլբենկյան  նվագախմբերը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am