Քաղաքականություն

STOP. «Ամոթ, ամոթ» վանկարկումներով Երեւանում դիմավորեցին Ահմեդ Դավութօղլուին

2 րոպեի ընթերցում

STOP. «Ամոթ, ամոթ» վանկարկումներով Երեւանում դիմավորեցին Ահմեդ Դավութօղլուին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քիչ առաջ ժամանեց Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց հետնամուտքից: Հյուրանոցի առջև ցուցարարների բազմությունը պահանջատիրական վանկարկումներ ու հայրենասիրական երգեր է երգում, ինչպես նաև վանկարկում «Ամոթ, ամոթ»: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Երևանի կառույցի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը նշեց, որ իրենք պահանջում են Թուրքիայից՝ դադարեցնել Հայաստանի հանդեպ ապօրինի գործությունները:

«Քանի որ Թուրքիայի արտգործնախարարը Երևանում է, հնարավորություն է ընձեռնվել բարձրաձայնել մեր պահանջները` ճանաչում, դատապարտում, հատուցում: Մեր պահանջների մեջ հստակ է նաև, որ Թուրքիան առանց նախապայմանների պետք է Հայաստանի հետ բանակցի և առանց նախապայմանների պետք է հայ-թուրքական սահմանը բացի»,- ասաց Ղազարյանը: Նա նշեց, որ իրենք կոչ են անելու նաև, որ Թուրքիան զերծ մնա Արցախի խնդրի կարգավորմանը միջամտելուց:

Ցույցը կազմակերպել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը և «Ժառանգության» երիտթևը: Միեւնույն ժամանակ Ցուցարարները տարբեր գրություններով պաստառներ են պարզել. «STOP ցեղասպանությանը», «STOP ուրացմանը», «Ո՛չ նախապայմաններին», «Դատապարտու՛մ, Ճանաչու՛մ, հատուցու՛մ» կարգախոսներով: Հյուրանոցի մուտքի մոտ նետված են թղթի վրա պատկերված թուրքական դրոշներ: Ցույցի մասնակիցները «Ամոթ» վանկարկումներով նշում են, որ Թուրքիայի պաշտոնյաները միշտ էլ հետնամուտքով են մուտք գործելու այս կամ այն շենքը, որովհետեւ ի վիճակի չեն բաց աչքերով ու պարզ ճակատով նայել իրենց պատմությանն ու անցյալին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երևանում մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում