Հասարակական

ԱՄՆ կոնգրեսականները Սպիտակ տանը կոչ են արել բեկանել հայ որբերի գորգի ցուցադրությունն արգելող որոշումը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսականները Սպիտակ տանը կոչ են արել բեկանել հայ որբերի գորգի ցուցադրությունն արգելող որոշումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսականների երկկուսակցական խումբը, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, միացել են կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Դեվիդ Վալադաոյին` կոչ անելով Սպիտակ տանը վերանայել Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսում հայ որբերի գործած գորգի ցուցադրությանն ընդդեմ որոշումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի գրասենյակից, Վալադաոն և Շիֆը կոնգրեսական նամակում գրում են. «Հայ որբերի գորգն ամերիկյան և հայկական պատմության ընդհանրությունն է, և պատկանում է ամերիկացի ժողովրդին: Հայ-ամերիկյան կազմակերպությունները տասնամյակներով դիմում էին Սպիտակ տուն և Պետդեպարտամենտ, որպեսզի գորգը ներկայացվի հանրությանը: Ափսոս, այս խնդրանքը չի բավարարվել»,-նշված է նամակում:

ԱՄՆ-ի հայկական համայնքի անունից շնորհակալություն հայտնելով ներկայացուցիչների պալատի անդամներ Շիֆին և Վալադաոյին` Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նաև ողջունել է բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պայքարում են հանուն Թուրքիայի բազմադարյա վետոյից հրաժարվելու և ԱՄՆ նախագահի` թուրքական դնչակալը վերացնելու, որպեսզի քննադատվեն և հիշվեն մարդկության դեմ իրականացված անպատիժ ոճիրները: Վալադաո-Շիֆ նամակը ստորագրել են եւս 30 կոնգրեսականներ:

ԱՄՆ նախկին նախագահ Քելվին Քուլիջին ի նշան երախտագիտության նվիրաբերած գորգն, ըստ Սպիտակ տան, չի ցուցադրվի ցուցահանդեսում: Washington Post-ը և National Public Radio-ն հարցում էին ուղարկել, թե ինչու է Սպիտակ տունը մերժել գորգը տրամադրել Սմիթսոնյան ինստիտուտում ցուցահանդեսի համար, որը կազմակերպվել է Հայկական մշակութային հիմնադրամի և Հայկական գորգային հասարակության հետ համատեղ: Public Radio International-ի հետ հարցազրույցում Washington Post-ի մշակութային մեկնաբան Ֆիլիպ Քեննիքոթը նշել է, որ Սպիտակ տունը իր որոշումը չի բացատրել, հավանաբար, այն պատճառով, որ ԱՄՆ կառավարությունը հարգում է Թուրքիայի` Ցեղասպանության ժխտման միջազգային արշավը:

11' 7" x 18' 5" չափեր ունեցող հայկական գորգը բաղկացած է 4404206 առանձին հյուսվածքներից: Այն պատրաստվել է 10 ամսվա ընթացքում, և հասցվել նախագահ Քուլիջին 1925-ի դեկտեմբերի 4-ին: Գորգի հետևի մասում գրված է «Ի ՆՇԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ` ՆԱԽԱԳԱՀ ՔՈՒԼԻՋԻՆ» ("IN GOLDEN RULE GRATITUDE TO PRESIDENT COOLIDGE"):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում