Քաղաքականություն

Հայկական ստորաբաժանումը կմասնակցի Լիբանանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը

3 րոպեի ընթերցում

Հայկական ստորաբաժանումը կմասնակցի Լիբանանում իրականացվող  խաղաղապահ առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսել կատարած այցելության շրջանակում,հոկտեմբերի 21-23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ:

Սեյրան Օհանյանը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը իտալական ստորաբաժանման կազմում հայկական զորախմբի միանալու նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

Կողմերը պայմանավորվել են կարճ ժամանակում ավարտին հասցնել ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում հայ խաղաղապահների ընդգրկման հետ կապված իրավական ընթացակարգերը և սկսել առաքելության իրականացմանն առնչվող գործընթացներ:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ամփոփել են վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները և նախանշել հետագա համագործակցության հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում տեղի է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառումհայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Դրանք, մասնավորապես, վերաբերել են ԱՄՆ Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի շրջանակում ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում խաղաղապահ ուսումնական կենտրոնի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում ՀՀ ԶՈՒ անձնակազմի անհատական և ստորաբաժանման կազմով անցկացվող դասընթացներին և վարժանքներին, ՀՀ զինված ուժերում համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային և մարտավարական ուսումնավարժական կարողությունների ստեղծմանը և երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբերին Երևանում անցկացվելիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում համագործակցության հարցերը հանգամանալից քննարկելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում