Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ականատեսը». հարուստ ու շեն Մուսա լեռան պատումը 99-ամյա Նեկտար Ալատուզյանի հուշերում

«Ականատեսը». հարուստ ու շեն Մուսա լեռան պատումը 99-ամյա Նեկտար 
Ալատուզյանի հուշերում

«Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013 թվականի ապրիլից մեկնարկած «Ականատեսը» հատուկ նախագիծը վերսկսում է իր ընթացքը` ընթերցողների դատին հանձնելով ցեղասպանությունը վերապրած մարդկանց` ականատեսների պատմությունները: Նախագծի` Հայաստանում և նրա սահմաններից դուրս ստացած դրական արձագանքը մեր նախաձեռնությունը շարունակելու գլխավոր հիմքը հանդիսացավ: Ստեղծագործական խմբի առաջին կանգառը` Արմավիրի մարզն էր, ուր ցեղասպանությունը վերարապրածների թիվն ամենից շատն է: էջմիածնաբնակ ականատեսների ճնշող մեծամասնության հայրենիքը Մուսա լեռն է:

ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 99-ամյա Նեկտար Ալատուզյանի պատկառելի տարիքը նրա ակտիվության համար խոչընդոտ չէ: Էջմիածնի կենտրոնում սեփական տան այգու բարեկարգման ամենօրյա աշխատանքներում վարժ շարժումներով ներգրավված Նեկտար տատիկը մեր այցից չզարմացավ, փոխարենը, մեր «ինքնությունը» ճշտելուց հետո, մեծ ոգևորությամբ սկսեց իր աղոտ, բայց հետաքրքիր ապրումներն ամփոփող վերհուշը, որը նրան անմիջապես տեղափոխեց դեպի հայրենի բնաշխարհ` Մուսա լեռ: «Մեր երկիրը հարուստ էր, մեծ տուն ու հողամաս ունեինք: Իմ ձեռքով թզի 30 ծառ եմ տնկել: Նոր տարուն ձյուն-ձմեռ չկար, ձյուն իջներ` հինգ րոպե էլ չէր մնա: Նուռը, թուզն ու խաղողը ծառից կքաղեինք եւ կդնեինք Նոր տարվա սեղանին»,- պատմում է Նեկտարը, ով թեեւ Մուսա լեռան քաջարի ինքնապաշտպանության ժամանակ մեկամյա երեխա էր, սակայն հայրենի բնաշխարհի մասին հիշողություններն ամբողջացրել է գաղթից հինգ տարի անց ծնողների հետ կրկին հայրենիք վերադառնալով:

Պատմական տեղեկանք

Մուսա լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբաբլի, Խըդր-Բեկ, Վագըֆ և Քաբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները: Աշխարհագրական դիրքի շնորհիվ տեղի հայությունը գրեթե անմասն էր մնացել համիդյան հալածանքներից, իսկ 1915-ի հուլիսի կեսերին հակվել է ինքնապաշտպանության գաղափարին. Յողունօլուկում գումարված ընդհանուր ժողովում գյուղացիները հադիսավոր երդվել են. «Ես այստեղ եմ ծնվել, այստեղ էլ կմեռնեմ: Ես չեմ գնա ստրուկի պես մեռնելու, հրացանը ձեռքիս այստեղ կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա»: Լեռան պաշտպանները թուրքական բանակին դիմադրել են ավելի քան 40 օր և փրկվել են ֆրանսիացի նավաստիների կողմից: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները (4058 մարդ) փոխադրվել են ֆրանսիական և անգլիական նավեր ու շարժվել դեպի Պորտ Սաիդ, որտեղ նրանց օգնության են հասել եգիպտահայերը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային, և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:


Մուսա լեռան պաշտպանությունը նկարագրված է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը, թարգմանվելով աշխարհի բազմաթիվ լեզուներով, ոգեշնչել է շատերին, այդթվում` երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվողմարդկանց:


1920 թվականին շատերի նման Նեկտարի ընտանիքն էլ դարձյալ վերադառնում է հայրենի գյուղ: Մուսա լեռան Խըդր-Բեկ, իսկ Նեկտար տատի հավաստմամբ` «ամենից լավ գյուղում» նրա հայրը` հայդուկապետ Թովմասը, ճանաչված և հարգված մարդ էր: Նա իր 12 քաջերով թուրքերին ստիպել էր հեռանալ իրենց բնակավայրից: Իր տան պատին 12 խոշոր գամ էր մեխել` ընկերների հրացանները կախելու համար: Մի օր էլ սպանության մեղադրանքով իրենց տուն եկած ոստիկաններին բակում տեսնելով, 13-ամյա Նեկտարը հրացանները փաթաթել է կարպետի մեջ և ընկերուհիներին պատվիրել նստել վրան:

Ոստիկանների հեռանալուց հետո զարմացած հարազատներն իմանալով կատարվածի մասին` հիանում են Նեկտարի հնարամտությամբ: Հայդուկապետ Թովմասն, այնուամենայնիվ, դատապարտվում է 101 տարվա բանտարկության, որից միայն 13 տարին է անցկացնում բանտում: Նեկտարը մորն օգնելու նպատակով դուրս է գալիս դպրոցի առաջին դասարանից, որպեսզի խնամի ընտանիքի հինգ փոքրիկներին: «Էհ Մուսա լեռը…Էն երկրի նման այլ երկիր չկա: Իմ հայրը յոթ գյուղի հերոս էր: Ինչո՞ւ տեղաշորիս մեջ չդրեցի մի հրացան, որ բերեի այստեղ: Սաղ սուտ է...»,- շարունակում է ականատեսը` հավելելով, որ հայդուկապետ հայրը սիրել է երգել և ուդ նվագել:

Ֆրանսիական բանակում ծառայող հայ սպա Տիգրանի հետ մեր պատմության հերոսուհին ամուսնանում է և ընտանիք կազմում, ունենում ութ զավակ, որոնցից երեքն այժմ մահացել են: 1947 թվականին Հայաստան ներգաղթյալների թվում էր նաև նրանց ընտանիքը: Հայրենիք վերադարձած ընտանիքը որոշ ժամանակ ապրում է Ծաղկաձորում, այնուհետև մշտական բնակություն է հաստատում Էջմիածնում:

Երիտասարդ տարիներին արված և խնամքով պահպանված լուսանկարները մեզ ներկայացնելու ընթացքում Նեկտարը խնդրում է հատուկ ուշադրություն դարձնել ամուսնու` տարիներ առաջ արված դիմանկարի վրա` քնքշաբար ասելով. «քաղցր Տիգրանս է»: Նրա թոռան` Արման Տիգրանյանի հավաստմամբ` իր տատի առողջ լինելու գաղտնիքը ոչ միայն մարդկային բարության, այլև հողը մշակելու, հողի հետ երկարատև աշխատանք տանելու մեջ է: Հողի հետ աշխատանքից փոշոտված աչքերի ցավը մեղմելու համար մուսալեռցին նախընտրում է մեղր օգտագործել:

«Շատ առողջ է, այս տարիքում անգամ ասեղ է թելում»,- հավելեց Արմանը: Դեռևս մի քանի տարի առաջ պահպանվել էր նրա ձեռքով կարված մետաքսե հարսի զգեստը, որից, սակայն, Մուսալեռից բերված մաքոքով թաշկինակներ է պատրաստել եւ նվիրել թոռներին: «Տատիկս թեև կրթություն չի ստացել, սակայն հասկանում է ֆրանսերեն, արաբերեն և թուրքերեն»,- հավելում է Նեկտարի թոռը:

Առույգ տատիկի լեզուների իմացության մասին վկայում էին տարբեր օտարալեզու արտահայտությունները, երգերից հատվածները, որը նա մեջբերում էր առանձնակի հպարտությամբ: Պատմության հերոսուհին ականատեսների նման բազմիցս ունեցել է ցանկություն հայրենի բնակավայր վերադառնալու: Վստահ է, որ Մուսա լեռը նորից տեսնելու դեպքում ինքը պարզապես «կգժվի»:

Հինգ զավակ, 12 թոռ և 20 ծոռ ունեցող տարեց կնոջ կյանքի խորիմաստ գաղափարախոսություններից է շարունակ աշխատելը և աշխարհը լավը դարձնելը, որը նրա համոզմամբ` յուրաքանչյուրը պետք է սկսի ինքն իրենից:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արև Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am