Հասարակական

Գնդապետ Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀԱՊԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Գնդապետ Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀԱՊԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ.-ին Երևանում: 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում`զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: Պարգևատրվել է ՀՀ կառավարական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը եւ Ուզբեկստանի Հանրապետությունը:

Պայմանագրի համաձայն` մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ` վերացնում են իրենց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:

Պայմանագրի հիմնարար դրույթը սահմանվում է 4-րդ հոդվածով, համաձայն որի` մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաեւ ռազմական, ինչպես նաեւ ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով:

1999թ.-ին Հայաստանը ստորագրեց նաեւ Պայմանագրի երկարաձգման մասին Արձանագրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում