Քաղաքականություն

Խոսրով Հարությունյանը ստվերային տնտեսության կրճատումը ելակետային է համարում

3 րոպեի ընթերցում

Խոսրով Հարությունյանը ստվերային տնտեսության կրճատումը ելակետային է համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեշտ չէ խորը ճգնաժամից դուրս գալ եւ տնտեսությունը տանել զարգացման ճանապարհով: Հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:«Որպես նախկին վարչապետ` հիացած չեմ Կառավարության գործունեությամբ, բայց պետք է ճիշտը խոսել. կառավարությունը բավական բարդ խնդիր է լուծել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Հարությունյանը: Հայաստանի արտաքին պարտքի առկայությունը բանախոսի կարծիքով մտահոգման բուն առիթը չէ. նույնիսկ աշխարհի ամենաազդեցիկ պետություններն են պարտք վերցնում: Նրա կանխատեսմամբ` 2013-2014 թ.թ. այս առումով խիստ լարված են լինելու: Խնդիրը պարտք վերցնելը չէ, այլ այն մարել կարողանալը: Ստեղծված դրությունից ելքը, Հարությունյանի համոզմամբ, ստվերային տնտեսության կրճատումն է, փոքր եւ միջին բիզնեսը պարզեցված հարկային դաշտ փոխադրելը: Մենաշնորհների ձեւավորման փուլը եւս ապրել են բոլոր երկրները:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է:«Այդ փաստաթղթում ամրագրված են կառավարության մտադրությունները, նպատակները: Այլ հարց է` այդ նպատակին հասնելու ինչ մեխանիզմներ կան»,- նշեց բանախոսը: Նրա համոզմամբ` հայ հանրությունը մտահոգված է ոչ այնքան աշխատավարձերի, նպաստների չափով, որքան` այնպիսի դեֆորմացիաներով, ինչպիսիք են անարդարության դրսեւորումները, կոռուպցիան, իրավախախտումները:

Մեր երկրում մենաշնորհային ապրանքային շուկաները 8-10-ն են: Մենաշնորհը, Հարությունյանի խոսքով, ձեւախեղում է մրցակցությունը, առաջարկի եւ պահանջարկի վրա խարսխված գնագոյացումը: Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրներում այս խնդրի կարգավորումը փոքր-ինչ դժվար է: Երկրում Հարությունյանը տնտեսական եւ քաղաքական իշխանության սերտաճում է նկատում, որ նաեւ լրատվամիջոցների շնորհիվ է. «հայտնի գործարար, պատգամավոր» ասելով` հասարակ քաղաքացուն սովորեցնում ենք դրան:

Կառավարության 2012-2017 թթ. ծրագիրը հունիսի 21-ին ձայների մեծամասնությամբ հաստատվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովում: Ծրագրի հիմնական խնդիրը մրցունակ պետության գաղափարն է, որը ներառում է մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայությունների եւ մրցունակ մարդկային կապիտալի համակարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում