Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հ. Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը հանձնվեց Հայաստանի ազգային պատկերասրահին

Հ. Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը հանձնվեց Հայաստանի ազգային պատկերասրահին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն այսօր հանդիսավոր պայմաններում Հայաստանի ազգային պատկերասրահին հանձնեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» աշխատանքը, որը 21 տարի առաջ առեւանգվել էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերությունից (ԱՕԿՍ) եւ փետրվարի 26-ին վաճառքի էր հանվելու Մոսկվայի գեղարվեստական գործերի «Գելոս» աճուրդատանը: «Ինձ համար կրկնակի ուրախություն է այսօր: Մեզ համար չափազանց կարեւոր է, որ այս կարգի կորուստները վերադարձվեն»,- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը' ուրախություն հայտնելով, որ գտնվեցին մարդիկ, ովքեր շատ գրագետ, սթափ վերաբերվեցին իրենց առջեւ դրված խնդիրներին: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց կտավի սեփականատիրոջը' նշելով, որ նման կտավի հրաժեշտ տալը շատ դժվար է, սակայն, բարեբախտաբար, այն մեր հայազգի ներկայացուցչի մոտ էր, եւ այսօր վերջնականապես այս նկարը հանձնվեց ՀԱՊ-ին:

Տարբեր հավաքորդների կողմից մի քանի անգամ վերագնված այս կտավը, աճուրդի հանված լինելով 23-24 մլն ռուսական ռուբլիով, գնվել էր մոսկվաբնակ ՌԴ սենատոր Հովհաննես Օհանյանի կողմից, ով կտավի սեփականատերն էր: Գործը սեփականատիրոջ աջակցությամբ ժամեր առաջ տեղափոխվել է Երեւան:

ՌԴ մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված օրենսդրության կատարման վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Պետրակովը, նշելով, որ ինքը հավասարապես է ուրախանում կտավի վերադարձի առիթով, շնորհակալագիր հանձնեց մշակույթի նախարար Հ. Պողոսյանին:

Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդրում պահվում են Այվազովսկու շուրջ 100 աշխատանքներ, որոնցից 65-ը գեղանկարներ են, բոլորն էլ' նվիրատվություն: Առաջին 7 կտավները բերվել են Մոսկվայից' Լազարյան ճեմարանից: Այդ աշխատանքները կրթօջախին էր նվիրել անձամբ Այվազովսկին: Մեկ տարի անց' 1925 թ., ճարտարապետ Հակոբ Էկիզյանը պատկերասրահին է նվիրում վարպետի եւս 4 աշխատանք: Հաջորդ նվիրատվությունը Բելգիայից Վահան Խորաշանջյանինն էր, ով նաեւ կառուցել էր Մարսելի հայկական եկեղեցին: 1957 թ. Փարիզից ստացվում է նոր նվիրատվություն, այս անգամ' 40 աշխատանք. հիմնական նվիրատուն էր Աբրահամ Ջինջյանը:

Այդ նվիրատվության մեջ էր նաեւ Այվազովսկու 1875 թ. ստեղծած «Փոթորիկ ժայռոտ ափերին» գործը, որը Ֆրանսահայ երիտասարդաց միությունը' ԺԱՖ, նվիրում է Արտասահմանյան երկրների բարեկամության եւ մշակութային կապերի ընկերությանը: Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը հիշյալ կտավին անդրադարձել էր դեռեւս 1983 թ., երբ ի թիվս հայաստանյան թանգարաններում պահվող' ծովանկարչի այլ աշխատանքների' ալբոմ հրատարակելու կապակցությամբ պատրաստել էր դրանց գունավոր սլայդները: Ալբոմը լույս է տեսնում 1984 թ.' ներառելով նաեւ «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը:

Հետագայում' կտավի առեւանգումից հետո, Այվազովսկու վերատպություններին անդրադարձ է կատարվել եւս 3 անգամ' Սամարայում, Մոսկվայում եւ Հայաստանում 2 տարի առաջ: Վերջին հրատարակություններում Շ. Խաչատրյանը «Փոթորիկ ժայռոտ ափերին» անվան կողքին փակագծերում ավելացնում է' «Գողացվել է 1990 թ. ԱՕԿՍ-ից»: Այդ փաստն էլ հենց օգնել է դիմելու «Գելոս» աճուրդատանը' կանխելու կտավի վաճառքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am