Ալեքսանդր Մանթաշյանց. մեծ վաճառականը եւ բարեգործը» գիրքը 80 տարի անց վերահրատարակվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի լրանում է Ալեքսանդր Մանթաշովի մահվան 100 տարին: 1931 թվականին Մանթաշովի մահվան քսանամյակի կապակցությամբ Առաքել Սարուխանը հրատարակել է «Ալեքսանդր Մանթաշյանց. մեծ վաճառականը եւ բարեգործը» գիրքը:
Նոր հրատարակությունն արվել է Հովսեփ Պողոսյանի կողմից: Նրա խոսքով` սա բարերարի մասին պատմող ամենաընդգրկուն գիրքն է, քանի որ Առաքել Սարուխանը եղել է Մանթաշովի ընկերությունում լիազոր ներկայացուցիչ, այնուհետեւ աշխատել է որպես լիազոր վարիչ: Ա. Սարուխանը հնարավորինս մանրամասն է ներկայացրել նաեւ այն միջավայրը, որում ապրել ու աշխատել է բարերարը:
Հրատարակությունն արվել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ու Հայաստանի բանկերի միության համատեղ հովանավորությամբ: Գիրքը լույս է տեսել 3000 օրինակով. գերակշիռ մասը երկու միությունների որոշմամբ կնվիրաբերվի հանրապետության գրադարաններին: Աշխարհահռչակ նավթ արդյունաբերող, բանկիր ու բարերար Մանթաշովը, իր գործունեության տարիներին հովանավորել է շուրջ 200 ուսանողների: Նրանցից են, օրինակ, Կոմիտասն ու Ստեփան Շահումյանը: