Հասարակական

Վախճանվել է դրամատուրգ Արտաշես Բաբայանը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել է դրամատուրգ Արտաշես Բաբայանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում երեկ, 86 տարեկանում վախճանվել է դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ, 1964թ. ՀԳՄ անդամ Արտաշես Բաբայանը: Արտաշես Մնացականի Բաբայանը ծնվել է 1923թ. հոկտեմբերի 25-ին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ Աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Հայաստանի կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի գլխավոր վարչությունում, Թատերական գործիչների միությունում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ Նա գրել է երեք տասնյակ թատերգություններ, որոնք բեմադրվել են Հայաստանի եւ արտերկրի հայկական թատերախմբերի կողմից։ Թարգմանել է նաեւ թատերգություններ, որոնք բեմադրվել են Հայաստանի տարբեր թատրոններում։ Հեղինակ է բազմաթիվ թատերագիտական հոդվածների, ռադիոպիեսների եւ փաստագրական ֆիլմերի սցենարների։ Հեղինակ է մոտ մեկ տասնյակ ժողովածուների, որոնցում հիմնականում հրապարակվել են իր պիեսները: «Սիրտը կանչում է» թատերգությունը բեմադրվել է Բուխարեստի Յամբոլա քաղաքի ազգային թատրոնում եւ արժանացել «Տարվա լավագույն ներկայացում» մրցանակի։ Գրողին 1975թ. շնորհվել է ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում