Հասարակական

Լարիսա Ալավերդյան. «Օմբուդսմենի առաջնահերթ խնդիրը լինելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մշակումըե

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Օմբուդսմենի առաջնահերթ խնդիրը լինելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մշակումը: Այս մասին Արմենպրեսի թղթակցին ասաց նորանշանակ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, նշելով, որ այդ ռազմավարությունը քննարկվելու է շահագրգիռ մարմինների, հասարարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ եւ դրանից է բխեցվելու օմբուդսմենի ինստիտուտի կառուցվածքն ու կանոնակարգը: Լ.Ալավերդյանի խոսքերով, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները Հայաստանում նոր չեն սկզբնավորվում, քանի որ այդ առումով արդեն ձեւավորված փորձ կա, ինչպես հասարարական կազմակերպությունների, այնպես էլ` նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մակարդակով: Նա նկատեց, որ մինչ այդ ծավալված փորձն ունեցել է հայեցողական բնույթ, բխել է ուղղակի բարի կամքից, իսկ այս պարագայում ինստիտուտն ամրագրված է օրենքով, որը նախատեսում է նաեւ ստեղծել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած 20 հոգանոց փորձագիտական խումբ: Լ.Ալավերդյանի կարծիքով, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անհրաժեշտությունը գալիս է ոչ միայն Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից, այլ երկրի ներսում առաջ եկած պահանջներից, բացի այդ, այն արդեն վաղուց հասունացած ներքին խնդիր է: Լ.Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը մարդու իրավունքների յուրատեսակ պաշտպան է, եւ վստահեցրեց, որ իր հետագա գործունեությունը ծավալելու է խորհրդարանական խմբակցությունների հետ համատեղ: Նա նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին կից կստեղծվի փորձագիտական խումբ, որտեղ կընդգրկվեն հմուտ իրավաբաններ, հոգեբաններ, սոցիոլոգներ, մարդիկ, ովքեր նման աշխատանքի փորձ ունեն եւ օժտված են քաղաքացիական խիզախությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ հատկապես հանդես է գալու սեփական շահերը ներկայացնելու անընդունակ, խոցելի խմբերի պաշտպանությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվելու բանակին, հոգեբուժական հիվանդանոցներում եւ մեկուսարաններում գտնվող անձանց շահերի պաշտպանությանը: Ընդգծելով «իշխանավորի կողմից պետական օրենսդրության ներքո, պետական միջոցներով մարդու իրավունքների պաշտպանության մթնոլորտիե ստեղծման անհրաժեշտությունը, նա համոզմունք հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանի դաշտը ներդաշնակություն կապահովի իշխանությունների եւ մարդկանց հարաբերություններում: Լ.Ալավերդյանի կարծիքով, մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներից առաջինն իշխանության թեւերում ու քաղաքացիների շրջանում օրենքի իրազեկության բարձրացումն է: Բացի այդ, ուսումնական ծրագրերի միջոցով աշխատանքներ պետք է տարվեն դատական, դատաիրավական եւ իրավապաշտպան մարմինների հետ: Մյուս մեխանիզմների թվում նա նշեց կանխարգելումը, դիմումներին անհապաղ եւ օպերատիվ արձագանքումը եւ այլն: Նրա հավաստմամբ, անցումային շրջանում մարդու իրավունքների պաշտպանի առջեւ ավելի շատ խնդիրներ են դրված, քան սովորական պայմաններում: Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների կատարմանը կանցնի մարտի 1-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում